Տնտեսական հեղափոխությունը պետք է լինի երկխոսություն. Փաշինյանը՝ թեմայի վերաբերյալ խորհրդաժողովին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին: Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները: Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական և հայեցակարգային դրույթներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև հարակից հարցեր ևս: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարևոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական և, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին: «Կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունը: Այս քննարկումները մեզ համար կարևոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար:

Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում, և ընդհանրապես զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, որովհետև դրանք նույն բաներն են: Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները: Այս կարգի քննարկումները շատ կարևոր են այդ միջավայրը և մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետև համագործակցությունը, երկխոսությունն այն կարևոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը և տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Կարծում եմ, որ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար: Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են և նաև նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ և արդյունավետ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռևս հուլիս ամսին և մաղթել արդյունավետ քննարկում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ-ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծելով գործընկերության տրամաբանության կարևորությունը. «Այստեղ մենք ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար: Այս տարվա կանխատեսումներով, կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե և որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել , որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք: Վատ նորություններ էլ են կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել: Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ-ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ: Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքներն մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն: Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարևորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը և մի շարք այլ հարցադրումների: Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետևյալն են՝

- մի՛ գողացիր, որը վերաբերում է և՛ պետական պաշտոնյային, և՛ բիզնեսին, որովհետև այն գործարարը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաև այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։

- եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս և պետական միջոցը ծախսելիս:

- եղիր նորարար։

- եղիր համագործակցող»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն-բիզնես գործընկերության զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարևորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը:

Հայերեն English Français

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև