WCIT 2019. ԿԳՄՍՆ տաղավարը ներկայացնում է նորարական կրթությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Միջոցառման հյուրերին և մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարության տաղավարում ներկայացված են Թումո ստեղծարար կենտրոնը, ԱՅԲ դպրոցը, ԵՊՀ-ն, Արմաթ լաբորատորիաները, Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Ֆաբ Լաբ Դիլիջան(Fab Lab Dilijan) ծրագիրը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ACBU) Հայկական վիրտուալ համալսարանը ( AVC):

WCIT 2019-ում ԿԳՄՍՆ-ի կրթական նախագծերի հիմնական խորգարերն են` «Ապագան այստեղ է, ապագան հիմա է, ապագան Հայաստանում է. մեր նպատակը կրթված, ստեղծագործ և նախաձեռնող քաղաքացին է, մենք քաջալերում ենք երիտասարդներին լինել նորարար»:

Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին` Հանրապետության Հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:

Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը բեմում ներկայացրել է հենց տեղում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտությունը` երաժիշտները նախապես ծանոթ չեն եղել նյութին: Արհեստական ինտելեկտը գեներացրել է հայկական շարականները և ստեղծել WCIT-ի օրհներգը՝ ստեղծված մասնակից երկրների օրհներգերի հիման վրա:

Համերգը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես է եկել նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ ԱրմինվանԲյուրենը:

World Congress on Information Technology (WCIT) 2019-ի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 9-ին:Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: Համաժողովի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից, անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում