Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի և մեծ մարդու:

Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում և միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:

Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին:

Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում»,- գրել է ՀՀ վարչապետը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին: Նա 86 տարեկան Էր: Շիրակը Ֆրանսիան ղեկավարել Է 12 տարի՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Շակ Շիրակը ծնվել Է Ֆրանսիայի հարավում, ուսումնառությունից եւ բանակում ծառայելուց հետո զբաղվել Է քաղաքականությամբ: Երիտասարդ տարիքում համակրել Է կոմունիստներին, ավելի ուշ դարձել Է աջերի առաջնորդը: Մեծ դեր Է խաղացել Շառլ դե Գոլի եւ Ժորժ Պոմպիդուի ընտրարշավներում: Վերջինիս օրոք զբաղեցրել Է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Հաջորդ նախագահ Ժիսկար դ՛Էստենի օրոք նշանակվել Է վարչապետ: Ավելի ուշ պաշտոնաթող Է եղել եւ գլխավորել «Միավորում հաջակցություն հանրապետության» ընդդիմադիր կուսակցությունը: 1977 թվականից զբաղեցրել Է Փարիզի քաղաքագլխի պաշտոնը: 1986 թվականին՝ արդեն Ֆրանսուա Միտերանի օրոք, վերստին գլխավորել Է կառավարությունը: Շիրակը Ֆրանսիայի միակ քաղաքական գործիչն Է, որը երկու անգամ վարչապետ Է դարձել: 1988 թվականին նախագահական մրցարշավը տանուլ տալով Միտերանին, դարձյալ ընդդիմություն Է դարձել, սակայն 1995 թվականին վերստին առաջադրել Է իր թեկնածությունն ու հաղթանակ տարել

Հայերեն العربية English Français Русский