Հասարակական

Մայր բուհը խորհրդաժողովի միջոցով անդրադարձավ կրթության ոլորտի հիմնախնդիրներին 

3 րոպեի ընթերցում

Մայր բուհը խորհրդաժողովի միջոցով անդրադարձավ կրթության ոլորտի հիմնախնդիրներին 

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու, դրանք ուսումնասիրելու, խնդիրների լուծման եղանակներ որոնելու նպատակով սեպտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդաժողովը, որին մասնակցում է ավելի քան ութսուն հյուր, անցկացվեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Անդրադառնում ենք այն հիմնական թեմաներին, որոնք այսօր արդիական են կրթության ոլորտում։ Խոսքը կրթության որակի, գիտության և կրթության փոխհարաբերությունների, դրանց միջազգայնացման մասին է: Հայաստանի համար յուրահատուկ հարցը սփյուռքի և կրթության փոխհարաբերություններն են: Ելույթներով հանդես են գալիս բուհերի ռեկտորներ, որոնք համապատասխան բնագավառի առաջնակարգ մասնագետներ են»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, գիտական քաղաքականության միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարգարովը:

Նա ընդգծեց, որ գործընկերների հնչեցրած բոլոր գաղափարները, կարծիքներն ու խորհուրդները կարևոր են, և խորհրդաժողովը փորձի փոխանակման լավ հարթակ է:

Խորհրդաժողովին ԵՊՀ-ն պայմանագրեր ստորագրեց Բրազիլիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Վրաստանի գործընկերների հետ, որոնց շրջանակում համագործակցելու են հայագիտության զարգացման, միգրացիոն բնագավառում կոնֆլիկտների ուսումնասիրության, արևելագիտության և այլ ոլորտներում:

Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի համոզմամբ` յուրաքանչյուր համալսարանի քաղաքականության կարևոր մաս է միջազգային համագործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնական խնդիրներին` նա ասաց, որ հասարակությունը պետք է հասկանա, որ կրթությունը ներդրում է, և չկա որևէ զարգացած երկիր, որը լուրջ ներդրումներ չի կատարում թե՛ տարրական, թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում: «Ուրախ եմ, որ հայերը նույնպես մեծ ուշադրության են դարձնում կրթությանը և կարողացել են հիմնադրել Երևանի պետական համալսարանը, որը կարող է մեծ աջակցություն ցույց տալ Հայաստանին»,- շեշտեց ռեկտորը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարգո Զազյանը, որը նաև զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական հարցերով, խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է սովորել 100-ամյա համալսարանում: «Այն գիտելիքը, որը ստացել եմ այստեղ, այն փորձը, որը ձեռք եմ բերել ԵՊՀ-ում, անգին են: Իսկ այս խորհրդաժողովը կարող է նպաստել Մայր բուհի միջազգային ճանաչմանը»,-ասաց ուսանողուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում