Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել 2 կայքի խմբագրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել երկու լրատվամիջոցի խմբագրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվելHayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,- գրել է Հովհաննիսյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПСМ» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա