Տնտեսություն

«Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

  «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծով նախատեսվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նա հետաքրքրվեց, թե այդ տնտեսավարողներից քանիսն ու որքան ապառք (սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար) ունեն ՊԵԿ-ին:

«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ է: Կա նաև մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսավարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդը, որ նախատեսում ենք կվերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա»,-ասաց Անանյանը:

Նախագծով նախատեսվող 56 մլրդ դրամից շուրջ 5.3 մլրդ դրամը պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպությունների, որոնցից վերոնշյալ երկուսը պետությանը պարտք են մոտ 47 մլրդ: 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն:

Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում