Հասարակական

Ռումինիայի Սենատն ընդունեց հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի Սենատն ընդունեց հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր: Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով: (2). Կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինները և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել և կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու և անցկացնելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում