ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին և Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը քննարկել են ԱՄԷ համալսարանի և ԵՊՀ-ի միջև համագործակցության հեռանկարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին Երևան ժամանած ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայի պատվին իր տանն ընդունելություն էր կազմակերպել, որտեղ էլ ընթանում էին քննարկումները:
Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։
Դեսպանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար:
«Մենք ակնկալում ենք մեծ համագործակցություն իրականացնել ԱՄԷ համալսարանի և ԵՊՀ-ի միջև, հատկապես դասախոսների, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրեր: Մեր կառավարությունը հետաքրքրված է, որպեսզի արաբերենի ուսուցումը Հայաստանում տարածում գտնի»,- նշեց ԱՄԷ դեսպանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հանրային կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ով նույնպես ներկա էր ընդունելությանը, առաջարկեց դեսպանին արաբերենի ուսուցում սկսել Արտաշատ և Արմավիր քաղաքներում:
Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին խոստացավ դեկտեմբերի 2-ից հետո, երբ ավարտվի իրենց ազգային տոնը, կազմակերպել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:
Դեսպանը նաև առաջարկեց ժամանակ առ ժամանակ իրենց երկրից մասնագետների հրավիրել Հայաստան դասախոսություններ անցկացնելու համար:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդունեց առաջարկը և ասաց, որ իրենց միշտ պատրաստ են ընդունել լեզվակիր դասախոսների:
«Ուսանողների համար կարևոր է նաև շփում ունենալ հենց լեզվի կրողների հետ և լսել նրանց դասախոսությունները»,- շեշտեց Գևորգյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս Ահլամ Ալ Սալամին ասաց, որ ԱՄԷ-ն 2019 թվականը հայտարարել է «Հանդուրժողականության տարի»:
«Այդ կապակցությամբ մեր պետությունը «Հանդուրժողականություն» համաշխարհային մրցանակ է սահմանել: Հայաստանի ուսանողները կարող են մասնակցել այդ մրցանակաբաշխությանը»,- նշեց Սալամին:
Նա տեղեկացրեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր համալսարանների հետ համագործակցության առումով:
Արաբական Միացյալ Էմիրություններում «Հանդուրժողականության տարվա» շրջանակում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի 11 գյուղի 1-ին դասարանի աշակերտի նվիրել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ նվերներ են հանձնվել մոտ 150 աշակերտի: