Հասարակական

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը հյուրընկալել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին

4 րոպեի ընթերցում

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը հյուրընկալել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը սեպտեմբերի 16-ին հյուրընկալել է Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից։

«Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորՀովհաննես Հովհաննիսյանը,ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը շնորհակալություն հայտնեց Յոահիմ Գաուկին Հայաստանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար և ներկայացրեց Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման պատմությունը:

«Աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին, և ի պատիվ մեր իշխանությունների, պետք է նշեմ, որ մեր երկիրը նախկին Խորհրդային Միության երկրների մեջ միակն է եղել, որի պետական համալսարանում հիմնադրվել է Աստվածաբանության ֆակուլտետ»,- նշեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Վերջինս նաև հավելեց, որ ֆակուլտետը բավականին ակտիվ համագործակցում է գերմանական համալսարանների հետ, մասնավորապես այդպիսի գործընկերոջ հաջող օրինակ է Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանը:

«Պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը միշտ պատրաստ է համագործակցելու գերմանական բուհերի հետ: Այս պահին մտածում ենք կրկնակի դիպլոմավորմամբ մագիստրոսական ծրագիր հիմնելու մասին, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու նաև Գերմանիայում և միասին աշխատելու ավարտական թեմաների շուրջ»,-հավելեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նույնպես ողջունեց Գերմանիայի Դաշնության նախկին նախագահին:

«Մեզ համար մեծագույն հպարտություն է Ձեզ տեսնել մեր հարյուրամյա համալսարանում,- ասաց Էլինա Ասրիյանը,- մեզ՝ հայրերիս, շատ լավ հայտնի է Ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, և մենք հասկանում ենք, որ առանց այդ դիրքորոշման, հավանաբար, մենք չէինք ունենա այն քաղաքական դիրքորոշումը, որն ունենք այսօր»: Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

Աժ պատգամավորՀովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը հայերի համար կարևոր է ազգային ինքնության պահպանման և պատմական արդարության վերականգման առումով:

«Անցած տարի տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ այժմ մենք ունենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ լի երիտասարդներ,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը,- ինքս բազմիցս Գերմանիայում մասնակցել եմ տարբեր հետազոտական ծրագրերի և շատ եմ կարևորում երկու երկրների միջև հատկապես գիտահետազոտական կապերի ամրապնդումը»:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոահիմ Գաուկը հետաքրքրվեց ԵՊՀ-ի պատմությամբ, ուսանողներին տրվող կրթաթոշակներով և համալսարանի հետ համագործակցության հեռանկարով:

«Իհարկե, մեծ է համալսարանի դերը կիրթ և ժողովրդավարական հասարակություն ունենալու գործում, թեպետ պետք է նշեմ, որ այն այդքան էլ հեշտ գործընթաց չէ,-ասաց Յոհակիմ Գաուկը,- երբեմն դու ունես կաղապար, բայց չունես այն մտածողությունը, որ պետք է լցնի այդ կաղապարը, ուստի այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել»:

Հանդիպման վերջում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոահիմ Գաուկին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հանձնեց համալսարանական հուշանվեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում