Հասարակական

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում

4 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը:

Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:

«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված ենք ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն:

«Հայաստանը ներկայում իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում, էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում:

«ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին:

Ամփոփելով ելույթը՝ նախարարը բոլոր մասնակիցներին հրավիրել է ներկա գտնվել Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում