Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությանը, որն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից:

«Հիմա մենք ունենք հին ու նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները ետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարները ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը: Այս որոշումով մենք հին և նոր դեբետների միջև տարբերակումը վերացնում ենք:

Մենք առաջարկում ենք եղած գերավճարները ետ վերադարձնել հետևյալ կարգով. մինչև 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու. 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, և առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,- ասաց Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ:

2 հազար 835 հարկ վճարողից մինչև 5 մլն պարտավորություն ունեցողների թիվը 2 190 է, իսկ նրանց հանդեպ եղած պարտքը կազմում է 1 մլրդ 680 հազար դրամ: 5-40 մլն դրամի պարտք ունեցողների թիվը 443 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 6 մլրդ 856 մլն դրամ, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թիվը 202 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 47 մլրդ 906 մլն դրամ:

Ըստ Անանյանի, որոշումն ընդունելուց հետո, մինչև 5 մլն դրամի պարտք ունեցողները մեխանիկորեն ստանում են իրենց պարտքերը: Մինչև տարեվերջ պետությունը կվերադարձնի այդ 56 մլրդ դրամից 50-ը, մնացածի մասով դեռևս քննարկումներ կիրականացվեն:

«Հիշեցնեմ, որ 2018 թ. հունվարի դրությամբ, մենք հարկ վճարողներին պարտք ենք եղել 275 մլրդ դրամ: Այսօր եթե այդ 50 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, մենք ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամի ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են: Դա նվազել իջել է 50 միլիարդի: Մենք 2020 թվականին կարող ենք հայտարարել, որ 2 տարում 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսավարողներին, ինչը ուժեղ պետությանը հարիր բան է»,- նկատեց Դավիթ Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դա կնշանակի, որ 220 մլրդ դրամով կառավարությունը ֆինանսավորելու է տնտեսությանը: «Իսկ այս 56 մլրդ դրամը, ըստ էության, որևէ մեկը հույս չուներ, թե կստանա: Այս հնարավորությունն առաջացել է նրանից, որ այս տարի բյուջեի եկամուտներն ավելացել են»,- շեշտեց Վարչապետը:

Հայերեն العربية English

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը