Պաշտոնական

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը:

Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Մինչև ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները:

Երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ:

Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:

Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում