ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Անդրադառնալով նաև աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ Մարությանը նշեց, որ այն արդեն լուծված է: