Կամերային նվագախումբը համերգաշրջանը բացելու է իտալացի երաժիշտների հետ և իտալական ծրագրով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թվականների համերգաշրջանի բացմանը հանդես է գալու իտալական ծրագրով` հնչեցնելով Վերդիի, Ռոսինիի, Մասկանիի, Ռոտայի, Մորիկոնեի, Պիացոլայի ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Մարիո Լեոտան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները:

«Երեկոն միայն երաժշտական չէ: Ուստի նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ ընտրել ենք «Նոտաներ և տեսիլքներ» վերնագիրը: Հայ և իտալացի ստեղծագործողների հետ ներկայացնելու ենք իտալական մշակույթը, առաջարկելու ենք ձեզ մի համերգ, որից բավականություն եք ստանալու»,- նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նա հիշեցրեց, որ հաճախ է խոսվում հայ և իտալացի ժողովուրդների նմանությունների` հնագույն և հարուստ մշակութային ժառանգություն ունենալու մասին: «Իրապես այդպես է: Դա է փաստում նաև երկու երկրների միջև մշակութային ամուր կապը, որին նպաստում է նաև մեր դեսպանությունը: Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում` ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, տեսողական արվեստի ցուցադրություններ և այլն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մեր ժառանգությանը»,-ընդգծեց դեսպանը:

Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ յուրաքանչյուր իտալացի, որը մեկ անգամ լինում է Հայաստանում, անպայման վերադառնում է, քանի որ Հայաստանը կախարդում է:

Հայաստանի կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը հավաստիացրեց, որ արվեստասերներին հետաքրքիր երեկո է սպասում: Նա ասաց, որ ոչ միայն նվագախումբն ընտրել և մշակել համերգի ծրագիրը, այլև առաջարկներ են արել և՛ դիրիժորը, և՛ մենակատարները:

Դիրիժոր Մարիո Լեոտան, անդրադառնալով նվագախմբի հետ աշխատանքին, նշեց, որ երկու օր է, ինչ փորձեր են իրականացնում, և ինքը տեսնում է, որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:

Երեկոյին որպես մենակատար ելույթ է ունենալու հանրահայտ իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, որը մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Նրա խոսքով` նախորդ այցից հրաշալի տպավորություն է ստացել: «Ես գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,-խոստովանեց սաքսոֆոնահարը` հույս հայտնելով դրական հույզեր ու ապրումներ ունենալ նաև սպասվելիք երեկոյին:

Ամբողջ համերգի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվելու է «Remix Portraits» խորագրով թվային ինստալացիան, որի հեղինակը Իտալիայում մեծ ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին է: Վերջինս, խոսելով ինստալացիայի յուրահատկության մասին, ընդգծեց, որ Վինչենցո դել Մոնակոն իրեն խնդրել է ստեղծել պատկեր, որն արտացոլի արվեստն իր աչքերով: «Ես այցելեցի Հայաստանի ազգային պատկերասրահ, որը հրաշալի էր, ու փորձեցի վերանկարել հայկական և իտալական հնագույն կտավները, որոնք ցուցադրվելու են համերգին»,- պատմեց նա:

Իտալա-հայկական երեկոն իրականացվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում