Հասարակական

Նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզում նշանավորվեց հինգ նոր նախակրթարանների բացմամբ

7 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզում նշանավորվեց հինգ նոր նախակրթարանների բացմամբ

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզի չորս համայնքների հինգ դպրոցներում նշանավորվեց նոր նախակրթարանների բացմամբ, որոնց ժապավենները կտրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, նախակրթարանները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով եւ համայնքապետարանների մասնակի ներդրումներով, բացառությամբ Նորաշենի նախակրթարանի, որտեղ ներդրումը ամբողջովին կատարվել է պետության կողմից: §Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի եւ մարզպետի համատեղ այցի առաջին կանգառը Նորաշենի հիմնական դպրոցում էր, որտեղ նորաբաց նախակրթարան այս տարի արդեն հաճախում են 16 երեխա: Նոր ուսումնական տարին այս դպրոցում դիմավորեցին տոնական միջոցառմամբ, ուրախ երգ ու պարով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պետությունը կարեւորում է նախակրթարանների դերը եւ դրանք ձգտում է ստեղծել այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ չեն գործում, ու երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից: Ըստ նախարարի՝ ներկա փոփոխությունների շեմին ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգաղթ, ինչի հաշվին ակնկալվում է աշակերտների թվի ավելացում նախադպրոցական ու հանրակրթական հաստատություններում:

Պետական այրերի հաջորդ այցը Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում էր, որտեղ բացված նախակրթարաններից յուրաքանչյուրում հաճախում են 50 երեխա: Ինչպես նախարարին եւ մարզպետին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, Զոլաքարում այս պահի դրությամբ հաշվառված են նախադպրոցական տարիքի ավելի քան 300 երեխա, որոնց համար նախատեսվում է նոր մանկապարտեզի շենքի կառուցում, որի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերի ընթացքում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախարարը եւ մարզպետը դիտարկեցին 2017 թվականից սկսված եւ ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Զոլաքարի ազգաբնակչության անունից համայնքի ղեկավար Արման Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ու մարզպետին՝ համայնքի կրթական կյանքի զարգացմանն աջակցելու եւ նպաստելու համար:

Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում եւս աղ ու հացով եւ մեծ տոնախմբությամբ դիմավորեցին հյուրերին: Նախարարը եւ մարզպետը կտրեցին հերթական նախակրթարանի ժապավենը: Նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունել է 25 սաների, ովքեր հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են :

«Մենք տեղեկացել էինք, որ Մարտունի քաղաքում նախակրթարան ստեղծելու անհրաժեշտություն կա եւ ընդառաջեցինք այդ պահանջին: Այսօր մենք գտնվում ենք ակտիվ բարեփոխումների շրջանում, որտեղ մեծ դերակատարություն ունեն ուսուցիչները , ծնողները, համայնքի բնակիչները, ՏԻՄ-երը: Ձեզանից յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է ունենա այդ բարեփոխումներին: Դպրոցը կզարգանա եւ կրթությունը կլինի լիարժեք, եթե յուրաքանչյուր ծնող իր մասնակցությունն ունենա կրթական համակարգի ձեւավորմանը եւ երեխայի կրթության ապահովմանը»,- իր խոսքում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր մեր հանրապետությունում բացված 18 նախակրթարաններից 5-ը գտնվում են Գեղարքունիքի մարզում, եւ դա մեզ համար շատ ուրախալի փաստ է: Մարտունու տարածաշրջանում տարեցտարի երեխաների թիվն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում է նաեւ նախակրթարանների եւ մանկապարտեզների պահանջը: Մենք պատրաստակամ ենք անել հնարավորը՝ պատշաճ կրթություն եւ դաստիարակություն ապահովելու մատաղ սերնդի համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսօր մենք ապրում ենք մի փայլուն ժամանակահատված, որտեղ որոշողը ոչ թե ծանոթ-բարեկամներն են, այլ՝ գիտելիքը, որը մարդիկ ձեռք են բերում միայն եւ միայն կրթության միջոցով: Եթե մեր մատաղ սերունդն այսօր ճիշտ կրթություն ստանա ու խորը գիտելիքներ ձեռք բերի, ապա մենք վաղը կունենանք շատ ավելի հզոր հայրենիք: Մենք Մարտունիում արդեն բացում ենք թվով երկրորդ նախակրթարանը, բայց, հավատացնում եմ, շուտով կբացենք նաեւ երրորդ, չորրորդ ու հինգերորդ նախակրթարանները, քանի որ ապահովել ու ապահովում ենք ծնելիության բարձր նիշ: Ու պատահական չէ, որ Մարտունիում են գտնվում մեր մարզի ամենագերբեռնված մանկապարտեզներն ու դպրոցները»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում սեպրեմբերի 1-ը նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ ճանաչված գիտնական եւ մանկավարժ Մնացական Բունիաթյանի կիսանդրու տեղադրմամբ եւ նախակրթարանի բացմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը եւ մարզպետը իրենց ելույթներում կարեւորեցին այն մեծ ավանդը, որը հայրենի գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրել է Մնացական Բունիաթյանը: Այստեղ նորաբաց նախակրթարանն իր դռները բացեց 26 սանի առջեւ:

Սեւանի ավագ դպրոցում մարզպետը եւ նախարարը ծանոթացան դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսից եւ կավարտվի 2021 թվականի հունիս ամսին: Այժմ դպրոց հաճախող 230 աշակերտներն ուսումնական պարապմունքներն անցկացնում են նույն հաստատության երկրորդ մասնաշենքում:

ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի շրջայցի վերջին կանգառը Սեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցում էր: Այստեղ նրանք դիտարկեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են պետբյուջեի միջոցներով եւ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ: Շինարարության որակի համար նախարարը եւ մարզպետն արեցին դիտողություններ, որոնց վերացման համար տվեցին համապատասխան ցուցումներ:

Նոր ուսումնական տարում, նախնական տվյալներով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ կհաճախեն 28 հազար 844 աշակերտ, որոնցից 3092-ը առաջին դասարանցիներն են:-0-/30/

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում