Տնտեսություն

Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային շուկայում ավելի ցածր գներով տեղաբաշխել եվրոպարտատոմսերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային շուկայում ավելի ցածր գներով տեղաբաշխել եվրոպարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուդիզ վարկանիշային գործակալության կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային շուկայում ավելի ցածր գներով տեղաբաշխել եվրոպարտատոմսերը և դրա շնորհիվ խնայել միլիոնավոր դոլարներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ առանձնացնելով Մուդիզ գործակալության կողմից ընդգծված մի շարք կարևոր շեշտադրումներ։

Մասնավորապես՝ ըստ Ներսես Երիցյանի 2006 թվականից ՀՀ-ի վարկանիշի վատթարացումը պայմանավորված է եղել նրանով, որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն է ձեռք բերել տրանսֆերտներից և խոցելի է եղել ՌԴ-ից եկող արտաքին շոկերից։ Մուդիզն արձանագրել է, որ ՀՀ-ի դիմադրողականությունը տրանսֆերտների կախվածության և ՌԴ-ից եկող արտաքին շոկերի նկատմամբ բարձրացել է՝ շեշտը դնելով տնտեսության բազմազանեցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային, մասնավոր ընկերությունների նախաձեռնությունների վրա։

Մուդիզը գնահատել է նաև երկրի վարկանիշն ըստ ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման և ըստ ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վերին սահմանաչափերի, որոնք Հայաստանի համար եղել են BA և A2: ՀՀ-ն այս ցուցանիշներով տարածաշրջանում առաջատարն է։ Այս ցուցանիշները միջազգային ներդրողներին ներկայացնում են ՀՀ ֆինանսական համակարգը և մակրոտնտեսական միջավայրը։ Ն. Երիցյանի խոսքով՝ վերջինս նշանակում է, որ եթե ՀՀ ֆինանսական հաստատությունները և մասնավոր ձեռնարկություններն ազգային արժույթով կապիտալի շուկայի, կառավարության հավակնություններին համապատասխան թողարկումներ իրականացնեն, ապա 4 նիշ ավելի բարձր վարկանիշ կտրամադրվի՝ հնարավորություն տալով այդ վարկանիշով միջազգային շուկա դուրս գալ։

Ներսես Երիցյանը կարևորել է նաև, որ վարկանիշի բարձրացումը հնարավորություն կտա միջազգային շուկայում նվազեցնել թողարկվող եվրոպարտատոմսերի գները՝ հանգեցնելով խնայողությունների ավելացման։

Ըստ ԿԲ փոխնախագահի՝ վարկանիշն ապագայում կարող է ավելի բարելավվել, եթե կառավարությունն իր կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումները շարունակի իրականացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում