Պաշտոնական

Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ

2 րոպեի ընթերցում

Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: «Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», - նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում