Տարածաշրջանային

Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել 12 ռազմամեքենա

2 րոպեի ընթերցում

Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել 12 ռազմամեքենա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունները Շանլըուրֆայի սահմանամերձ Ջեյլանփընար գավառ են ուղարկել 12 զրահամեքենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու ուղղությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն, ապա Թուրքիան միայնակ կստեղծի այն, ինչը իրենից ենթադրում է ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում