Մշակույթ

Դիլիջանի Բեթհովենի անվան դահլիճում երկար դադարից հետո համերգներ են կազմակերպվում

2 րոպեի ընթերցում

Դիլիջանի Բեթհովենի անվան դահլիճում երկար դադարից հետո համերգներ են կազմակերպվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառի տոնին Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ հայ կոմպոզիտորների եւ կատարողների մասնակցությամբ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նախաձեռնել է դասական համերգաշարերի միջոցով Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը որպես մշակութային խոշոր օջախ վերականգնելու ծրագիր։ Շարքի առաջին համերգին մասնակցել են կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Արզաս Ոսկանյանը, Ավետիս Բերբերյանը, Դավիթ Սաթյանը։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան երգչուհիներ Լուսինե Կզոչյանը եւ Նուշիկ Միքայելյանը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Նարեկ Հեքեքյանը։

Հնչել է երկու պրեմիերա։ Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի նվագակցությամբ հնչել են նրա երկու նոր երգերը՝ Պաստերնակի եւ Լերմոնտովի խոսքերով, երգչուհի Արմինե Վարդանյանի կատարմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, միջոցառման հյուրերի թվում էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի եւ նրա տիկնոջ՝ Արմին Թումանյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի ստեղծագործական տան այն քոթեջներ, որտեղ ապրել եւ ստեղծագործել է ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը։

Դեսպանն իր խոսքում նշել է, որ Դիլիջանի ստեղծագործական տան պատմությունը նաեւ ռուսական երաժշտության պատմության մի էջ է, քանի որ այստեղ ստեղծագործել են նաեւ ռուս կոմպոզիտորները։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի Տավուշի մարզպետարանի հետ համատեղ կազմակերպել նոր համերգներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում