Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ փոխգործակցության համակողմանի ընդլայնմանը, և այդ համատեքստում ԱՄՆ նահանգների, հատկապես Կալիֆոռնիայի հետ կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլենի Կունալակիսը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումները:

Կողմերը կարևորել են ԱՄՆ հանրային կյանքի տարբեր ոլորտներում հայ համայնքի ունեցած դերակատարությունը ու ներդրումը հայ-ամերիկյան համագործակցության զարգացման մեջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Արիզոնայի միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի աշխուժացման հնարավորությանը՝ հատկապես հանրային կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը մատնանշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող Հանրային քաղաքականության մասնագետների ծրագրի և «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի դրական փորձը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի աշխուժացման համար անհրաժեշտ քայլերը, այդ թվում ԱՄՆ նահանգների կողմից Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու հնարավորությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները և ԱՄՆ հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում