Դպրոցական պայուսակները կթեթևանան նոր ուսումնական տարում. 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան և այլն: Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:

«Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշում կայացվեց բաժանել երկու մասի: Արդյունքում՝ դասագրքերի քաշը կթեթևանա, և երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց: Նախկինում այդ առումով շատ բողոքներ ենք ստացել, և հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ: Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:

Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ 48 անունը ոչ բոլոր դասագրքերն են: Կան դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետները դեռ չեն լրացել: Տարրական դպրոցում նրանց գործածությունը 3 տարի է, իսկ 5-ից բարձր դասարաններում հինգ տարի է:

«Նշեմ, որ կան նաև դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, սակայն երկու մասին չի բաժանվելու: Այն դասագրքերը, որոնք ունեն քիչ էջեր, դրանք տեխնիկապես հնարավոր չէ կիսել: Հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնք վերահրատարակության ժամկետն ավարտվել է և էջերի քանակը շատ մեծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով դասագրքերի խնդրին՝ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում նախարարությունում դասագրքերի բովանդակային փոփոխությունների մեծ ծրագիր է իրականացվում: Վերանայվում են առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, դրանցից ելնելով կփոխվեն նաև դասագրքերը:

«Դասագրքերը ժամանակի պահանջներին չեն համապատասխանում, երկար տարիներ չեն փոխվել, շատ ակադեմիական են, կան խնդիրներ նախադասությունների բարդությունների, երեխաների առանձնահատկությունների հետ կապված, տարբեր հարցեր կան, դրանք վերանայվում են»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Այդ ամբողջ գործընթացը ներառում է նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերանայում: Ներկայում նախարարությունը կառավարություն է ուղարկել օրենքի նախագիծ, որով ներկա փուլում կասեցվում են ուսուցիչների վերապատրաստումները: Խնդիրն այն է, որ չափորոշիչների և ծրագրի փոփոխություններից հետո վերապատրաստման այլ մակարդակ է սահմանվելու՝ նոր մոտեցումներով ու նոր բովանդակությամբ: Արդյունքում՝ ուսուցիչներն իրենց վերապատրաստման արդյունքներին համարժեք գնահատված կլինեն, կսահմանվեն ուսուցիչների առաջխաղացման, նրանց աշխատանքի գնահատման մեխանիզմներ:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում