Հասարակական

Աղբի վերամշակումից քաղցկեղի կանխարգելում. ուսանողները կրթաթոշակի համար դիմել են «Իմ քայլը» հիմնադրամ

6 րոպեի ընթերցում

Աղբի վերամշակումից քաղցկեղի կանխարգելում. ուսանողները կրթաթոշակի համար դիմել են «Իմ քայլը» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Ավագյանը պատրաստվում է ուսումն ավարտելուց հետո Հայաստանում հիմնել լաբորատորիա, որը կզբաղվի քաղցկեղի կանխարգելմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում երրորդ կուրսի ուսանողուհին նշեց, որ լաբորատորիայում հնարավոր կլինի հայտնաբերել հայկական պոպուլյացիայում այն գեները, որոնք կարող են հետագայում նպաստել քաղցկեղի առաջացմանը:

«Երբ հայտնաբերվեն այդ գեները, հետագա հետազոտություններից հետո կպարզվի, թե ինչպես կարելի է այդ գեները փոփոխել այն ձևով, որ արդեն արդյունքում ստացվի ոչ թե հիվանդ առանձնյակ կամ քաղցկեղի նախատրամադրվածություն ունեցող մարդ, այլ բուժվի այն»,- ասաց Հասմիկը:

Հասմիկ Ավագյանն իր ծրագիրը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի կրթաթոշակ ստանա Սինգապուրում իր ուսումը շարունակելու համար, որտեղից վերադառնալուց հետո էլ կսկսի աշխատել իր նպատակի շուրջ:

«Այնտեղ ֆինանսավորման մեծ մասը ստանում եմ Սինգապուրի կրթության նախարարությունից, արդեն երրորդ տարին նաև «Այբ» կրթական հիմնադրամից եմ ստանում կրթաթոշակ: Ակնկալում եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամից ևս կրթաթոշակ կստանամ ուսման հետ կապված ծախսերս հոգալու համար»:

Հասմիկի հետ զուգահեռ «Իմ քայլը» հիմնադրամին դիմել են նաև 111 աշակերտներ և ուսանողներ, ովքեր արդեն սովորում են կամ ընդունվել են առաջատար արտասահմանյան բուհեր: Այս տարի հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների տրամադրման ծրագիր իրականացնում:

«Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը նշեց, որ կրթաթոշակային ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում մարդկային կապիտալն ու ներուժը և այն օգտագործել հանուն Հայաստանի կայուն տնտեսական զարգացման:

«Այս տարի մեզ դիմել են ուսանողներ, ովքեր դիմելու համար պետք է լինեին ՀՀ քաղաքացի կամ ՀՀ մշտական բնակիչ, դիմելու պահին լինեին 17-40 տարեկան, և ընդունված լինեին մեր չափորոշիչների համապատասխանող համալսարաններից որևէ մեկը: Ուսանողը պետք է ընդունված լինի իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն 20 համալսարաններից որևէ մեկը: Սա նորամուծություն է, ի տարբերություն այլ կրթաթոշակային ծրագրերի, որովհետև մենք դասակարգում ենք համալսարանները ոչ թե ընդհանուր իրենց դասակարգման չափանիշներով, այլ ըստ մասնագիտության: Այս տարի մենք ստացանք 111 դիմում: 111 դիմումից 90-ն անցան դիտարկման փուլ, և այդ 90-ից էլ 65-ը գնահատվեցին, իսկ մնացածները մերժվեցին հիմնականում այն պատճառով, որ համալսարանը չէր բավարարում մեր չափորոշիչներին կամ ներկայացրել էին ոչ բավարար փաստաթղթեր: Ներկայացրել էին համալսարանի ընդունելության պայմանական հրավեր, իսկ մեզ պետք է ունենալ ոչ պայմանական հրավեր»,- ասաց Ներսեսյանը:

Արմեն Ներսեսյանի խոսքով` իրենք հիմնական առաջնահերթությունը տվել են այն մասնագիտություններին, որոնք կարևոր են Հայաստանի համար, և որոնց առկայությունը շատ կարևոր կլինի մեր երկրի զարգացման գործում:

Մեզ դիմելիս պետք է ներկայացնել ծրագրի նախագիծ, այսինքն` ինչ ծրագիր է ցանկանում դիմորդն իրականացնել Հայաստանում, ուսումը ավարտելուց հետո, եթե ստանա «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ: Դա մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պատկերացնել ուսանողի կոնկրետ գաղափարները, Հայաստանում իր ստացած գիտելիքն ու փորձը կիրառելու նպատակները: Կնքվելու է պայմանագիր, որի շրջանակում ուսանողն ուսումը ավարտելուց հետո պետք է գա Հայաստան, ապրի և աշխատի և իր գիտելիքն ու փորձը ներդնի Հայաստանում: Հնարավոր է, որ ուսանողին տրվի մինչև մեկ տարի ժամանակահատված այդ պայմանը կատարելու, այն դեպքում, եթե ուսանողն ավարտելուց հետո ստանում է մասնագիտական պրակտիկայի կամ կարճաժամկետ աշխատանքի հնարավորություն, որի շրջանակներում ինքն էլ ավելի կզարգացնի իր գիտելիքներն ու ձեռք կբերի նաև աշխատանքային փորձ»,- նշեց Արմեն Ներսեսյանը:

Անհրաժեշտ փաստաթղթերն ու ծրագիրը ներկայացնելուց հետո դիմորդներն անցնում են հարցազրույցի փուլը, որից հետո կայացվում է նրանց կրթաթոշակ տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը: Հարցազրույցի անցկացման համար տարբեր մասնագետներից ընտրվել է խորհրդատվական խումբ, որն էլ կարծիք է հայտնում ուսանողների վերաբերյալ: Հարցազրուցավարներից National Instruments ընկերության փաստաթղթավորման մասնագետ Անահիտ Խաչատրյանը նշեց, որ դիմորդների մոտ ընդգծված է ուսման նկատմամբ ձգտումը, և բոլոր մասնակիցները փայլում են իրենց տրամադրվածությամբ, գիտելիքներով, ցանկություններով, կազմակերպվածությամբ ու ներկայացրած ծրագրերով: Անահիտ Խաչատրյանին հատկապես տպավորել է ծրագրերի նկատմամբ դիմորդների յուրովի և օրիգինալ մոտեցումը:

«Ամեն քայլափոխին կարող են խոսել այն թեմաների շուրջ, որոնք ներկայացրել են երեխաներն իրենց ծրագրերում, բայց իրականացման ձևը շատ յուրովի է: Մի տղա կար, շատ հետաքրքիր միտք էր առաջարկել աղբի վերամշակման հետ կապված: Մենք բոլորս դրա մասին խոսում ենք, նույն բանի մասին այդ տղան էր խոսում, բայց իր մոտ այնքան էներգետիկա կար, որ փորձում էր հաղորդել քեզ, և անկախ քեզանից մտածում ես, որ այս երեխան հաստատ կարող է մեծ բարձունքների հասնել»,- ասաց Խաչատրյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ ստացած մասնակիցներին ֆինանսավորելու է ուսման հետ կապված ծախսերի մինչև 50%-ը, սակայն ոչ ավելի, քան 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ դիմորդները կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ պատասխանները կստանան օգոստոսի սկզբին:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում