Մշակույթ

Թուրքական արտադրության «Միգամածը» ֆիլմը երևանյան մեծ էկրանին է

2 րոպեի ընթերցում

Թուրքական արտադրության «Միգամածը» ֆիլմը երևանյան մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել է երեք թուրքական կինոնկար, որոնցից մեկը «Միգամածը» ժապավենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմում յոթնամյա Հայը բաց դաշտում շրջելիս սատկած ձի է տեսնում և ականատես լինում, թե ինչպես են հայրն ու մյուս մեծահասակները փորձում ազատվել անշունչ կենդանուց: Տարիներ են անցնում, սակայն այդ պատկերը մնում է արդեն դեռահաս տղայի մտքում:

Ֆիլմը փառատոնում ներկայացնելու համար Հայաստանում է կինոնկարի ստեղծագործական անձնակազմից միայն մոնտաժի հեղինակը` Օսման Բայրաքթարօղլուն:

Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով կինոնկարի առանձնահատկությունից` նա շեշտեց` «Միգամածը» սովորական ֆիլմերից տարբերվում է անսովոր կառուցվածքով: «Այստեղ խոսվում է բնության և մարդու ներդաշնակության մասին: Այն բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում փոքրիկ Հայը դաշտում գտնում է սատկած ձի, և ազդված մինչև վերջ հետևում է դեպքերի ընթացքին: Ժապավենի կենտրոնական մասում հերոսն արդեն հասուն է: Տեսնում ենք, թե ինչպես է նա դիտարկում բնությունը, ինչպես է փորձում հարաբերվել բնության հետ»,- մանրամասնեց Բայրաքթարօղլուն:

Արվեստագետն անդրադարձավ նաև մեր ժամանակների թուրքական կինեմատոգրաֆի խնդիրներին: Նախ նշեց, որ թուրքական արտադրության ֆիլմերը բավականին շատ են ներկայացվում եվրոպական կինոփառատոններում: «Հետաքրքիր ֆիլմեր շատ կան, որոնցում արծարծվում են ազգային, համաշխարհային թեմաներ: Դիտելիս հաճախ այնպիսի զգացողություններ եմ ունենում, ասես ֆիլմը նայում է բոլորովին այլ մարդ` աշխարհի մյուս ծայրում:

Տարվա մեջ մոտավորապես 40-50 անկախ ֆիլմ է նկարահանվում Թուրքիայում: Անկախ ասելով` նկատի ունեմ այն, որ ռեժիսորը գումարը փորձում է հայթայթել»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում