Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտում հսկիչների ներկայությանն առնչվող որոշակի դժգոհություններին՝ նշելով, որ գծային հսկողության ծառայության բաժինը «Երևանի ավտոբուս» ընկերության հաստիքացուցակում կա նախորդ տարվանից:
«Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները.
- Երթուղիների հաճախականության վերահսկում
- Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում
- Վարորդների՝ պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում
- Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում:
- Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Կոստանյանը:
Մամուլի քարտուղարը նշել է, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։