Հասարակական

ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի Կառավարությունը, առաջնորդվելով «հիմա» և «այս պահից» կարգախոսով, պատրաստ է հստակ գործողություններով և շոշափելի քայլերով հասնելու իր առջև դրված նպատակների իրականացմանը: Նախարարը, բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին հատկանշական է համարել նաև գործընթացի ներառականությունը և այդ համատեքստում տեղեկացրել, որ Նախարարությունը նախքան Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելը նախաձեռնել է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ոլորտային բարեփոխումների հաղորդակցության ռազմավարությունների մշակման հարցում ԵՄ աջակցության հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում