Մշակույթ

Ազգային գրադարանն իր բազմաբովանդակ ժառանգությունը ներկայացրեց մեկ ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

Ազգային գրադարանն իր բազմաբովանդակ ժառանգությունը ներկայացրեց մեկ ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի բազմաթիվ ցուցանմուշները` կենսամատենագիտություններ, հրատարակություններ, մեթոդական ձեռնարկներ ու ուսումնասիրություններ, թեմատիկ մատենագիտություններ ներկայացվեցին գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունը բացվեց հուլիսի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում:

«Ցուցահանդեսն արժևորում է Հայաստանի ազգային գրադարանը՝ որպես գիտական և հետազոտական կենտրոն: Յուրաքանչյուր մատենագիտություն մեր գրադարանավարների և մատենագետների տքնաջան ու ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Ցուցադրության հիմնական նպատակն ընթերցողներին հավաստի և ամբողջական տեղեկատվություն մատուցելն է»,- նշեց գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ներկայացրել են գրադարանի հրատարակած թերթերն ու ամսագրերը, ամենամյա ու ամենամսյա հրատարակությունները: Հետաքրքրասերները ցուցահանդեսում կարող են տեսնել գրադարանի առաջին պարբերականը, որը լույս է տեսել 1941 թվականին և կոչվել է «Բիբլիոգրաֆիական ամսագիր»: Մայա Գրիգորյանը պատմեց, որ այն լույս է տեսել մեկ անգամ և շուրջ քսան տարի դադարից հետո` 1960 թվականին, գրադարանը լույս է ընծայել «Գրադարանավար» ամսագիրը, որը երկու տարի է հրատարակվել: 2004-ից սկսվել է «Հոգևոր հայրենիք» թերթի հրատարակությունը, իսկ 2015-ից` «Բանբեր»-ի, որը հրատարակվում է էլեկտրոնային ձևաչափով:

Անդրադառնալով կենսամատենագիտություններին` Գրիգորյանը նշեց, որ կազմում են բոլոր այն մարդկանց կենսամատենագիտությունները, որոնք ներդրում ունեն մեր ժողովրդի մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում: «Մատենագիտությունները հիմնականում կազմվում են հոբելյանական տարվա շրջանակներում: Ամենավերջին կենսամատենագիտությունը Հովհաննես Այվազովսկունն էր` նվիրված նկարչի 200-ամյակին: Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ գրադարանը կազմում է նրանց կենսամատենագիտությունները: Սկսել ենք նաև Հայաստանի Առաջին Հանրապետության մատենագիտության կազմումը: Նյութերը չափազանց շատ են, ուստի չենք հասցրել նախորդ տարի ավարտել այն»,-եզրափակեց Մայա Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում