ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է տվել բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել առ այն, որ բեռնափոխադրումները կտրուկ նվազել են, սակայն տնտեսությունն աճել է, ինչը պարադոքս է: Մասնավորապես, նշված է, որ «ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար տոննա բեռ, որը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ընդամենը 38.7 %-ն է»: Պարադոքսը կայանում է նրանում, որ 2018թ.-ի առաջին 3, 4 ամիսների 9 - 10 տոկոսի տնտեսական աճը զուգակցվել է բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիայի արտադրութ­յան և արտահանման-ներմուծման աճերով, երբ այս տարի այդ ցուցանիշներն անկում են ապրել:

Պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմել է Վիճակագրական կոմիտեի Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի պետ Գեորգի Թորոսյանին:

-Նախ, հարկ է նշել, որ «բեռնափոխադրման տրանսպորտային ծառայություններ» տնտեսական գործունեության տեսակի թողարկումը հաշվարկվում է ոչ միայն ըստ փոխադրված բեռների ծավալների, այլև ըստ փոխադրման հեռավորության: Այլ կերպ ասած՝ ըստ բեռնաշրջանառության ծավալների, այսինքն, թե ըստ բնամթերային արտահայտության քանի՞ տոննա-կմ-ի բեռնաշրջանառության ծառայություն է մատուցվել: Իսկ բեռնաշրջանառության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին կազմել են 1517.1 մլն. տոննա-կմ և 2018թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատ­վածի համեմատ աճել 6%-ով, որից՝ երկաթուղային տրանսպորտինը՝ 5.5 %-ով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 5.8 %-ով:

Վերադառնալով բեռնափոխադրումների ծավալներին, ինչը կազմել է անցած տարվա հունվար-ապրիլի 38.7 %-ը, հարկ է նշել, որ այդ ցուցանիշը գերազանցապես ձևավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալի շեշտակի անկմամբ: Այն 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է 2018թ.-ի հունվար-ապրիլի 27.2%-ը, ինչը տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի կառուցվածքում արձանագրված փոփոխությամբ՝ 2019թ.-ի հունվար-ապրիլին ավելի կարճ հեռավորությունների վրա բեռնափոխադրումների ծավալների տեսակարար կշռի նվազմամբ:

Այսպես, 2019թ. հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 256.4 հազար տոննա, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 8 302.7 հազար տոննայի համեմատ, որը պայմանավորված է 2019թ.-ի հունվար ամսից բեռնափոխադրողների գլխավոր համակցությունից մեկ ռեսպոնդենտի գործունեության դադարով, որը 2015-2018թթ ներառյալ բեռնափոխադրումների գործունեություն է ծավալել Սյունիքի մարզի հանքարդյունահանման ոլորտում` փաստացի իրականացնելով բավականաչափ մեծ ծավալների բեռնափոխադրումներ կարճ հեռավորությունների վրա (2.5 - 3.0 կմ): Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին վերոնշյալ ռեսպոնդենտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6 034.0 հազար տոննա, որը ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալում կազմել է 81.2%, ինչով էլ պայմանավորված է 2019թ.-ի հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ցածր տեմպը՝ 27.2%, իսկ բեռնաշրջանառության ծավալը` 15.4 մլն. տոննա-կմ, ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության ծավալում կազմել է 6.6%, որը էական ազդեցություն չի ունեցել բեռնաշրջանառության ծավալի նվազման վրա:

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնաշրջանառության ցուցանիշի աճի տեմպը 2019թ.-ի հունվար-ապրիլին, 2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ 105.8% պայմանավորված է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլին ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ծավալների աճով՝ իրականացվել են բեռնափոխադրումներ մեծ հեռավորությունների վրա (միջինը մինչև 1 780կմ):

Այսպես, 2019թ.-ի հունվար-ապրիլին միջպետական բեռնափոխադրումների փաստացի ծավալը հայաստանյան շարժակազմով կազմել է 115.2 հազար տոննա, 2018թ.-ի հունվար-ապրիլի 88.7 հազար տոննայի համեմատ, կամ աճել է 29.9%-ով, իսկ միջպետական բեռնաշրջանառության ծավալները 2019թ.-ի հունվար-ապրիլին ` 176.6 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի 160.5 մլն. տոննա-կմ համեմատ, կամ աճել է 10.0%-ով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019թ.-ի հունվար-ապրիլին ընդամենը տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպը կազմել է 106.0% (2019թ.-ի հունվար-ապրիլի 1 517.1 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի 1 430.8 մլն. տոննա-կմ համեմատ), ինչը պայմանավորված է նաև խողովակաշարային տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպով, որը կազմել է 106.2%: Վերջինս բացատրվում է տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի բարձր տեսակարար կշռով` 67.0%, իսկ ավտոմոբիլայինը` 16.7%, որոնք 2018թ.-ի հունվար-ապրիլին բաշխվել են նույն համամասնությամբ:

Փոխադրված բեռների ծավալի ընդհանուր կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը կազմել է 16.9%՝ նախորդ տարվա 6.1%-ի համեմատ, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 59.4%, նախորդ տարվա 84.5%-ի համեմատ:

Իսկ ի՞նչպես կբացատրեք այն պնդումը, որ 2019թ.-ի հունվար-ապրիլին օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է «1.7 հազար տոննա, որն ըստ Վիճակագրական կոմիտեի 7.7 տոկոսով ավելացել է 2018թ.-ի համեմատ, երբ փոխադրվող բեռների ծավալը… 1.8 հազար տոննա էր: Թե ի՞նչպես է քաշը նվազում, իսկ տոկոսային ցուցանիշներն ավելանում, միայն Վիճակագրական կոմիտեին է հայտնի»: Միթե՞ վիճակագիրները կարող էին նման կոպիտ սխալ թույլ տալ:

Նախ, օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ոչ թե 1.7 հազար տոննա, այլ 5.6 հազար տոննա (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4 ենթահատվածի 27-րդ էջի առաջին աղյուսակը), ինչը 2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 7.7 %-ով:

2018թ.-ի հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել էր 5.2 հազար տոննա (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4 ենթահատվածի 27-րդ էջի առաջին աղյուսակը): Ինչ վերաբերում է 1.7 հազար տոննային, ապա այդ ցուցանիշը վերաբերում է միայն 2019թ.-ի ապրիլ ամսվան, ինչը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 94.4% (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտե­սական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկա­տվական ամսական զեկույցի նույն ենթահատվածի նույն էջը): Ի դեպ, հոդվածում նշված 946 հազար տոննա փոխադրված բեռը վերագրվել է 2019թ. հունվար-ապրիլին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը վերաբերվում է միայն ապրիլ ամսին: 2019թ.-ի հունվար-ապրիլին փոխադրված բեռների՝ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 3801.2 հազար տոննա:

Ըստ երևույթին, միգուցե քաղաքական նկատառումներով, հեղինակին ավելի ձեռնտու է եղել ամսական ցուցանիշները չորս ամսվա ցուցանիշների փոխարեն ներկայացնելը, խախտելով ժամանակագրական պատկերները քաղաքական եզրահանգումների համար, կամ էլ դա պարզապես անուշադրության հետևանք է:

Ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազման մասին, թե ի՞նչպես կարող է պատահել, որ 2019թ. հունվար-ապրիլին, 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազած լինի 9.2 %-ով, բայց, օրինակ արդյունաբերության արտադրանքի ծավալն աճի 4.5 %-ով:

Վիճակագրական կոմիտեի Արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետԱնահիտ Ավետիսյան

Արդեն առիթ եղել է հարցին անդրադառնալու սույն թվականի մարտի 26-ին Արմենպրեսին տրված հարցազրույցում: Պատկերը նույնն է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ, իրոք, նվազել են 9.2%-ով: 2019թ. հունվար-ապրիլին արտադրվել է 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-ապրիլին արտադրվել էր 2 667.3 մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից: Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին արտադրված 2 667.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 640.3 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 34.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում, 2018թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 061.2 մլն. կՎտ. ժամ (2 667.3 - 640.3 + 34.2): 2019թ. հունվար-ապրիլին արտադրված 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 313.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 78.0 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում, 2019թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 186.6 մլն. կՎտ. ժամ (2 422.2 - 313.6 + 78.0), ինչը 6.1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի միևնույն ցուցանիշը:

Վերջինս ավելի ակնառու է աղյուսակային տեսքով.

մլն. կՎտ. ժամ

Հունվար-ապրիլ

Արտադրություն

Արտահանում

Ներմուծում

Հաշվեկշիռ

1

2

3

4

5 (2-3+4)

2018թ.

2 667.3

640.3

34.2

2 061.2

2019թ.

2 422.2

313.6

78.0

2 186.6

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ նվազել են նաև արտաքին առևտրի ծավալները:

Վիճակագրական կոմիտեի Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյան

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից սույն թվականի մայիսի 16-ին ստացված տեղեկատվության ամփոփման (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 4.1.1 ենթահատված, էջ 96), 2019թ.-ի հունվար-ապրիլին ապրանք­ների արտաքին և փոխադարձ առևտրի շրջանա­ռությունը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.2%-ով, այդ թվում՝ արտահանումը նվազել է 4.1%-ով, իսկ ներմուծումն աճել 2.5 %-ով: Հիշատակված տվյալները նախնական են և դրանք դեռևս կարող են ենթարկվել ճշգրտման: Ճշգրտման պատճառների մասին բազմիցս տրվել են պարզաբանումներ (տես՝ «Արտաքին առևտրի ցուցանիշների փոփոխություններն ու վերանայումները պայմանավորված են ԵԱՏՄ Հայաստանի անդամագրմամբ», 26.03.2019թ. և «Ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշների տարբերությունները պայմանվորված են ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումներով», 11.06.2019թ. խորագրերով «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցներում):

Հայերեն

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը