Քաղաքականություն

Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը

3 րոպեի ընթերցում

 Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը դիտարկում է արդարության վերականգնման համատեքստում, կարծում է, որ նա կարող է ավելացնել դատարանի նկատմամբ վստահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ՍԴ-ի դատավորի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում:

«Ես համարում եմ, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում Վահե Գրիգորյանը լուրջ և արժեքահեն հետագիծ ունեցող անձ է՝ թե քաղբանտարկյալների պաշտպանությունն իրականացնելիս, թե ապօրինի շինարարությունների արդյունքում քաղաքացիների խախտված իրավունքները պաշտպանելիս: Եվ հենց այս հետագիծն է, որ ինձ վստահություն է ներշնչում, որ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանն ավելացնելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը: Եվ դիտարկում եմ նաև Վահե Գրիգորյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում »,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ դատավոր ընտրելու օրինական և իրավական ճանապարհն Ազգային ժողովի ընտրությամբ է: ԱԺ-ն այսօր Հայաստանում քաղաքական մարմին է, բնականաբար քաղաքական մարմինը պետք է կայացնի քաղաքական որոշում: «Սակայն ժամանակն է, որ դուրս գանք այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում: Քաղաքական որոշումն արժեքահեն դիրքորոշում է, որն արտացոլում է, թե ինչ արժեքներով ենք մենք առաջնորդվում առաջին հերթին որպես պատգամավորներ, ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ ՀՀ-ում, ինչպիսի դատական համակարգ ու դատավորներ, այդ դեպքում՝ ՍԴ դատավոր ենք ուզում ունենալ»,-նշեց Մակունցը:

Նա շեշտեց, որ հարգում է Վահե Գրիգորյանի այդ դիրքորոշումը, վարքագիծը, որով նա չի կեղծում նախկինում իր արած ձևակերպումները, չի ձևափոխում դրանք, ցանկացած գնով չի գնում ընտրվելու ճանապարհով: Նաև այս հանգամանքն է Մակունցին հիմք տալիս մտածելու, որ թեկնածուն արժանի է հավակնել և ընտրվել որպես ՍԴ-ի դատավոր:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում