Խաչատրյանի մրցույթի մասնակիցների կատարողական մակարդակը սպասվածից բարձր է. Իգոր Օլովնիկով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Օլովնիկովը տպավորված է միջազգային ստուգատեսի կազմակերպական մակարդակով: Դաշնամուր մասնագիտությամբ այս տարի անցկացվող մրցույթի ժյուրիի անդամը փաստում է՝ իրադարձությունը հիանալի է կազմակերպված, մասնակիցների կատարողական մակարդակն էլ՝ սպասվածից բարձր:
«Խաչատրյանի մրցույթը հիանալի է կազմակերպված, նկատելի է, որ այն ունի ավանդույթներ և ակնհայտ է, որ տարեցտարի ավելի լավն է դառնում: Ինձ շատ դուր եկավ ժյուրիի անդամների և մասնակիցների նկատմամբ առկա վերաբերմունքը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ սա մեծ իրադարձություն է: Մասնակիցների մասով պետք է ասեմ, որ մակարդակը շատ բարձր է: Նույնիսկ չէի ակնկալում, որ նման մակարդակ կլինի: Անգամ նրանք, ովքեր չէին հաղթահարել 2-րդ փուլը, արժանի մասնակիցներ էին»,- փաստում է ժյուրիի անդամը: Վերջինս «Եվրասիա» գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, Բելառուսի մանկավարժ-դաշնակահարների ասոցիացիայի փոխնախագահ, Բելառուսի պետական ֆիլհարմոնիկի մենակատար: Օլովնիկովը Բելառուսում և արտերկրում անցկացվող մի քանի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է:
Իգոր Օլովնիկովը նշում է, որ մեր երկրում է եղել խորհրդային տարիներին: «Հայաստանում եղել եմ շատ վաղ՝ Սպիտակի երկրաշարժից առաջ, այցելել էի Գյումրի, Վանաձոր և Երևան, այստեղ հանդես եմ եկել համերգներով: Ինձ այստեղ շատ հետաքրքիր էր: Սիրում եմ Երևանը, այն կանաչ քաղաք է՝ այստեղ շատ են ծառերը: Ամենուր շատ բան է փոխվել, նաև՝ Երևանում: Բայց հին ու նոր Երևանը մնացել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է մեծահամբավ երաժիշտը:
Իգոր Օլովնիկովը երաժշտական կրթությունը ստացել է Բելառուսի կոնսերվատորիային կից հատուկ միջնակարգ երաժշտական դպրոցում, այնուհետև Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ուսանել է երկու մասնագիտություն՝ դաշնամուր և երգեհոն: Ավարտելով ասպիրանտուրան՝ նա վերադարձել է Մինսկ և սկսել է աշխատել ֆիլհարմոնիայում: Նրան անմիջապես հրավիրել են Բելառուսի երաժշտական ակադեմիայի դաշնամուրի ամբիոն:
Ավելի քան 25 տարի Օլովնիկովը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Անցկացնում է վարպետության դասեր Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների երիտասարդ դաշնակահարների համար: Նրա ուսանողների թվում կան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ:
Հունիսի 6-ից ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո Հայաստանում մեկնարկել է Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթը: Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ջանքերով։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):