Տնտեսություն

Հակոբ Արշակյանը Համաշխարյանին բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել  է ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Համաշխարյանին բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել  է ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։

ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները:

Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում