Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ն Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ:
«Ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ իմ ջերմ և սրտանց շնորհավորանքներն եմ հղում մեր բոլոր փոքրիկներին:
Վերջին տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում ծնունդների թվի ավելացումը: Այս քաղաքականությունը, միանշանակ, պարտավոր ենք շարունակել, քանի որ յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է, մեր հուսալի և երաշխավորված ապագայի հիմքը:
Անցած տարիների ընթացքում մեծ ջանքեր են ուղղվել մեր երեխաների երջանիկ մանկության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելուն, բայց պետք է խոստովանենք, որ անելիքներ դեռ շատ կան: Եվ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ապրեն բարեկեցիկ ու պաշտպանված հայրենիքում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր փոքրիկներին այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»,- գրել է Հարությունյանը: