Հասարակական

Հակոբ Արշակյանն այցելել է Բերքլիի համալսարան

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն այցելել է Բերքլիի համալսարան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել են Բերքլիի համալսարան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում նախարար Հակոբ Արշակյանին ներկայացվել է «Sky Deck Accelerator»-ի գործունեությունն ու նպատակը։

Նշվել է, որ ծրագիրը գործարկվել է 2012 թվականին, ֆինանսավորվում է մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից, տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն է օժանդակել ստարտափներին նախնական փուլում՝ 3 ամսվա կտրվածքով տրամադրելով 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Ստեղծման օրվանից մինչ օրս ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել զգալի թվով հայկական ստարտափների։ Ներկայում ևս մի քանի հայկական ստարտափներ դիմել են ֆինանսավորում ստանալու համար։

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։

Նախարարին և տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին ներկայացվել է ֆակուլտետի ստեղծման պատմությունը, այստեղ իրականացվող կրթական քաղաքականությունն ու ծրագրերը։

Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է անցած տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակի, ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ու ծրագրերի մասին։

Նախարարն անդրադարձել է նաև Բերքլիի համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծել աշխարհահռչակ նման հաստատության հետ կրթական ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում