Պաշտոնական

Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հանձնակատարին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս կապակցությամբ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն խոշոր միավորների հետ հարաբերությունները լավ հնարավորություններ են ստեղծում նաև Մեծ Բրիտանիայից ներդրումների ծավալի ավելացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը ներկայացրել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի խորացման նպատակով իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները բարձր են գնահատել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը:

Հայաստանի պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև գործակցության հնարավորությունները: Մարկ Փրիթչարդի խնդրանքով փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է ներառական տնտեսական աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թվայնացման, կրթություն-աշխատաշուկա կապի, պետական ծառայությունների և այլ ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում