Հասարակական

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով:

«Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասաց Աշոտ Արշականը: Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ: Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել:

«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն: Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին: Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա:

«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասաց Աշոտ Արշակյանը: Հարցին թե կարո՞ղ է ատեստավորման այս մոտեցումը խթան լինել, որ ուսուցիչներն իրենց հմտությունները շարունակական զարգացնեն, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ միանշանակ այո:

Աշոտ Արշակյանը նշեց, որ իրենք խնդիր են դրել լուրջ աշխատանք տանելու նաև ուսուցիչների պատրաստման գործընթացում: Չափանիշների հետ կապված առաջարկություններ կներկայացվեն մանկավարժական բուհերին:

Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում