Պաշտոնական

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

2 րոպեի ընթերցում

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:

Նիստի ընթացքում որոշվեց հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո փոխվարչապետը նշեց, որ Վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեղը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրեց, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում