Պաշտոնական

Վարչապետը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:

Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին և Կառլ Բիլդտը, ովքեր Արևելյան գործընկերության նախաձեռնողներից են:

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում