Մշակույթ

Պատանի կոմպոզիտորների միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողներն արժանացան մրցանակների

4 րոպեի ընթերցում

Պատանի կոմպոզիտորների միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողներն արժանացան մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական վեցերորդ մրցույթում կրտսեր և ավագ ենթախմբերում մրցանակներ հանձնվեցին երրորդ, երկրորդ և առաջին տեղերի համար: Մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունն անցկացվեցին մայիսի 13-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կրտսեր խմբում երրորդ տեղը զբաղեցրեց Էդգար Մխիթարյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Էդուարդ Ալեքսանյանը, իսկ առաջին մրցանակը հանձնվեց Սյուզաննա Աղամալյանին և Մերի Առակյանին:

Ավագ խմբում երրորդ տեղը կիսեցին Էմիլի Հովհաննիսյանն ու Ռուբեն Ավագյանը, երկրորդ մրցանակը տրվեց Էրիկա Մարկոսյանին: Առաջին մրցանակի ոչ ոք չարժանացավ: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Մերի Առակյանը:

«Կրտսեր խմբի երեխաների ստեղծագործություններում կար հետաքրքիր մտածողություն: Նրանք ցուցադրեցին 21-րդ դարի երաժշտությունը: Եթե այսպես շարունակվի, մեր կոմպոզիտորական դպրոցը մեծ հաջողությունների կհասնի: Ավագ խմբի երեխաներն ավելի ավանդական երաժշտական մտածողություն ունեն: Դա էր պատճառը, որ վերելքներ չունեցան»,-ընդգծեց Սաթյանը:

Մրցանակակիր Էդուարդ Ալեքսանյանն ասաց, որ նախորդ տարի զբաղեցրել է մրցույթի երրորդ հորիզոնականը: «Ուզում եմ ավելի մեծ հաջողությունների հասնել: Այս անգամ որոշեցի համադրել եվրոպական և հայկական երաժշտական մոտիվներն ու նոր ստեղծագործությամբ մասնակցել մրցույթին: Հավանում եմ նաև ընկերներիս ներկայացրած գործերը»,-եզրափակեց տասներկուամյա մասնակիցը:

Կրտսեր խմբում առաջին մրցանակին արժանացած Մերին ասաց, որ շատ է սիրում հայ կոմպոզիտորների, հատկապես Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: «Նախկինում մասնակցել եմ մի շարք մրցույթների և հաջողությունների հասել: Համոզված էի, որ այս անգամ էլ կհաղթեմ»,-անկեղծացավ նա:

Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները`անվանական հուշանվերներով, պատվոգրերով: Նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում:

Երկու խմբերի հաղթողները պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով:

Մրցույթի հանձնաժողովը ստացել է մասնակցության մեկ տասնյակից ավելի հայտ: Ընտրվել է տասը մասնակից: Այս տարի մրցույթն ընդլայնել է իր աշխարհագրությունը. բացի ՀՀ-ից, ստուգատեսին մասնակցել են հայազգի պատանի ստեղծագործողներ Ֆրանսիայից, Լիբանանից, Ռուսաստանից:

Վեցերորդ մրցույթի կազմում ընդգրկվել են անվանի կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Մայիսի 11-ին կայացել է մրցութային փուլը, մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցներն այցելել են պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի կոմպոզիտորի հիշատակին:

Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում