Հասարակական

Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Մեր կողմից ներգրավված են դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, որպեսզի պարզվի միջադեպի իսկությունը: Եթե դա լինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից, ապա կունենա իրավական հետևանք` քրեական գործի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` դեղը ներմուծվել է պատշաճ և դեղի սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին: «Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել, հետևաբար պետք է ենթադրել, որ դա եղել է դեղի օգտագործման կանոնների խախտում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ամենը կպարզվի փորձաքննությունների արդյունքում:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղի գնման գործընթացը «Նատալի ֆարմ»-ի հետ կապ չունի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով դեղը ներարկման համար ևս կիրառելի է:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օրեր առաջ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումը կենտրոնում բուժվող վեց հիվանդների մոտ տեսողության խնդիրներ էր առաջացրել: Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն ` հիվանդները ներարկումից հետո հազիվ են տարբերում լույսն ու մութը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում