Մշակույթ

Բալետային ներկայացում նոր լուծումներով. «5 տառ» բեմադրությունը նվիրվելու է Վահագն Մարգարյանին

3 րոպեի ընթերցում

  Բալետային ներկայացում նոր լուծումներով. «5 տառ» բեմադրությունը նվիրվելու է Վահագն Մարգարյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ավտովթարից զոհված Վահագն Մարգարյանի ընկերները կհարգեն նրա հիշատակը Վահագնին նվիրված բալետային ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «5 տառ» 1 գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան մայիսի 11-ին և 14-ին օպերային թատրոնում:

«Մենք ամբողջությամբ դուրս ենք եկել բալետային ներկայացում հասկացողության բոլոր ձևաչափերից: Մենք փորձել ենք խուսափել այն ամենից, ինչը ևս մեկ անգամ կհիշեցնի մեզ մեր կորստի մասին, ցանկացել ենք ավելի վառ գույներով ներկայացնել Վահագն Մարգարյանի էությունը»,- մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց բալետի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանն և հավելեց, որ ինքն անձամբ չի պարելու, այլ այս անգամ հանդես է գալիս նախաձեռնողի դերում:

Նրա խոսքով՝ ներկայացումը լինելու է վառ գույներով, ջազային երաժշտությամբ, եռաչափ անիմացիայով: Բեմում մոտ 25 երիտասարդ է լինելու, ժամանակակից հագուստով, էսքիզներով:

««5 տառ» ներկայացման մեջ կա խոսք, ինչը նորամուծություն է լինելու բալետային ներկայացման մեջ: 5 հոգի պատմելու է իրական դեպքեր, որոնք հենց Վահագն Մարգարյանի կյանքից ու արկածներից են: Ընդհանուր առմամբ, ներկայացվելու է Վահագնի մարդ տեսակը, էությունը, յուրօրինակ անձնային որակը»,- շեշտեց արտիստը և ավելացրեց, որ Վահագնին նվիրված ներկայացման մեջ հանդիսատեսից յուրաքանչյուրը կարող է տեսնել ինքն իրեն:

Բալետային ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն էլ շեշտեց, որ իրենք չեն ցանկանում հուշ-երեկույթ կազմակերպել նվիրված Վահագն Մարգարյանին, այլ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հերթական բալետներից մեկն է:

«Մենք փորձել ենք ժամանակակից ջազային ձևավորման ներքո ունենալ ժամանակակից բալետի ներկայացում, որտեղ ներգրավված են երիտասարդներ»,- ասաց ռեժիսորը:

Պրեմիերաների ամբողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը:

Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Նա իր եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Մարգարյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում