Եվրոպական Միության և Հայաստանի միջև քննարկման փուլում են 20 միլիոն եվրոյի ծրագրեր
2 րոպեի ընթերցում
![Եվրոպական Միության և Հայաստանի միջև քննարկման փուլում են 20 միլիոն եվրոյի ծրագրեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974056.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների 205 միջոցառում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես համաձայնագրի իրականացման համար լավ մեկնակետ:
«ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2017 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 34,5 մլն եվրո: ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 2 համաձայնագիր՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածքային զարգացմանն առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո: Եւս 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց վարչապետը: