Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան
11 րոպեի ընթերցում
![Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/12/oO95kfoUAvfjoAx3cLpP4eS0mD2WCMknClZynaea.webp)
Զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և բազմափուլային նախագծերից «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» շուտով կամփոփի առաջին փուլը։ Երկարաժամկետ ներդրումային նախագծի, առաջիկա պլանների, ներդրումային հնարավորությունների, Հայաստանում ներդրումային միջավայրի ու հեռանկարների մասին զրուցել ենք «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» հիմնադիր Տիգրան Հարությունյանի հետ։
«Մայլեռն» այս պահին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր նախագծերից մեկն է, որը զարգանում է տարեցտարի։ Ի՞նչ փուլում է նախագիծն այսօր, և ի՞նչ եք նախատեսում առաջիկայում։
«Մայլեռը» երկարաժամկետ ներդրումային նախագիծ է, և մենք պայմանականորեն նախագիծը մի քանի փուլի ենք բաժանել։ Երբ խոսում ենք առաջին փուլի մասին՝ հասկանում ենք որոշակի հատվածի ավարտուն տեսք, ինչը հնարավորություն կտա ընդունել օրական 5500-6000 սահողի։ «Մայլեռի» սահուղիների տարողունակությունն այսօր այդքան մարդու միաժամանակ սահելու հնարավորություն է տալիս։ Առաջիկայում կունենանք ևս մեկ առանձնացված ճոպանուղի և ոչ շատ երկար սահուղիներ հատուկ սկսնակների համար, նաև կավելացնենք արհեստական ձնագոյացումն ու կարող ենք արձանագրել, որ դահուկային ենթակառուցվածքների մասով առաջին փուլը կլինի ամբողջությամբ կատարված։
Սակայն որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի հոսք է ենթադրում 6000 սահողը, ասեմ, որ այդ թիվը մեր օրական այցելուների 50%-ը պետք է լինի, այսինքն՝ օրական 12000 այցելու ընդունելու դեպքում կունենանք 6000 սահող։ Առաջին փուլով նախատեսված է կառուցել գիշերակաց 7000 այցելուի համար, այսինքն՝ 3000 հյուրանոցային համար, որն, իրականում, խոսուն թիվ է, հատկապես եթե համեմատում ենք, որ ամբողջ Հայաստանում որոշ տվյալներով մոտ 14500 հյուրանոցային համար կա։
Ընդհանուր առմամբ, այսօր «Մայլեռում» արդեն գործում է երկու տեսակի ճոպանուղի՝ հոնդոլային և նստատեղային, 22 կմ երկարությամբ սահուղիներ՝ բարդության չորս մակարդակներով, 4 ռեստորան, Qotot Ski Club-ն ու մարզադպրոցը, վարձույթի 2 հագեցած սրահ, իսկ մեր նորաբաց շալեներում կարողանում ենք գիշերակացով ընդունել 100-120 այցելուի։
Սկսած այս տարվանից՝ շուրջ երեք տարի մենք կենտրոնանալու ենք հյուրանոցների կառուցման և ներդրումային նախագծերը մեկնարկելու ուղղությամբ։
Պարոն Հարությունյան, Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանը գրավիչ չէ արտասահմանյան ներդրումների համար։ Միևնույն ժամանակ Դուք այս պահին Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերից մեկի հիմնադիրն եք և արդեն իսկ մեծ փորձառություն ունեք դաշտում։ Ներդրումային ի՞նչ գրավչություն ունի «Մայլեռը», ովքե՞ր, ի՞նչ պայմաններով և ի՞նչ ուղղություններով կարող են ներդրումներ կատարել «Մայլեռում»։
Հայաստանում այս պահի դրությամբ կապիտալի շուկան դեռ բավականաչափ զարգացած չէ, փոքր ծավալով ներդրումների հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Արտասահմանյան ներդրողների համար Հայաստանում ներդրում կատարելու տոմսը բավականին մեծ է, այսինքն՝ ցանկության դեպքում արտերկրի ներդրողն ինքնուրույն պետք է գտնի որևէ նախագիծ և սկզբից մինչև վերջ ֆինանսավորի այն։ Մենք «Մայլեռի» միջոցով ուզում ենք հնարավորություն ընձեռել փոքր ներդրումային տոմսերով ներդրում կատարել նման խոշոր ու հեռանկարային նախագծերում։
«Մայլեռում» ներդրումների երեք մակարդակ և ուղղություն ենք նախատեսում. ֆիզիկական անձանց համար, ովքեր կարող են բնակարան և ապարտ-համար ունենալ, ինչը կայուն եկամուտ է ապահովելու, ձեռներեցների համար, ովքեր կարող են ձեռք բերել որոշակի հողատարածք ու կոմերցիոն կառույց հիմնել, օրինակ՝ մարզահամալիր կամ ձիարշավարան, ժամանցի այլ կենտրոններ։ Եվ երրորդը, ինչի մասին նշեցի ու ինչը նաև մեր վերջնանպատակն է, ուղղակի ներդրում ունենալ հենց «Մայլեռում», որը դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն և Հայաստանի Հանրապետության արժեթղթային շուկայի ցուցակված մասնակից։ Ըստ մեր փուլային բաժանման՝ 2027-2028 սեզոնային տարում մենք արդեն հնարավորություն կունենանք «Մայլեռը» վերածել բաց բաժնետիրական ընկերության ու նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավել արժեթղթերի շուկայի միջոցով։
Նախատեսում ենք նաև, որ 2027-2028 սեզոնից սկսած «Մայլեռը» կգործի շուրջ տարին, ինչն էլ իր հերթին կնպաստի ամբողջ տարվա ընթացքում կայուն եկամուտ ունենալուն։ Ուստի «Մայլեռում» ներդրում կատարել նշանակում է լինել ավելի մոտ բնությանը, առողջ ապրելակերպին, վայելել տարվա բոլոր սեզոնները, իսկ ձմեռային սեզոնը դարձնել ամենաուրախ, օգտակար ու սպասված սեզոններից մեկը։
Որքան վաղ փուլում են կատարվում ներդրումները, այնքան կապիտալ հավելաճը (capital gain) մեծ է լինում, իսկ «Մայլեռը» մեծ ներուժով, խոստումնալից ու հեռանկարային, ամենամեծ ներդրումային ծրագրերից մեկն է, որը հենց վաղ փուլում ներդրում կատարելու հնարավորություն է տալիս։
Առավելություններից մեկն այն է, որ «Մայլեռը» ազատ տնտեսական գոտի է (ԱՏԳ). այն կազմակերպությունները, որոնք ներդրում կանեն, կօգտվեն ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի առավելություններից, և մեկնարկի օրվանից հետո 20 տարվա ընթացքում կազատվեն շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։
Ի՞նչ առավելություններ է տալիս բաց բաժնետիրական ընկերություն դառնալը և, որպես նման խոշոր ներդրումային նախագծի հիմնադիր, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներդրումային հնարավորություններն առհասարակ։
Բաց բաժնետիրական ընկերություն դառնալը հնարավորություն է ընձեռելու ցանկացած անձի ներդրում կատարել և դրանով իր ուղիղ նպաստն ունենալ ՀՀ-ում տնտեսության ու արժեթղթերի շուկայի զարգացմանը։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է այս ուղղությամբ, և ժամանակն է, որպեսզի Հայաստանն էլ գնա այդ ուղղությամբ, լինի ավելի արդիական ու պատրաստ՝ արտաքին ներդրումների համար։
Մենք հաճախ ենք լսում, որ Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումները քիչ են կամ միտում չկա, սակայն պետք է նախ և առաջ մեր շուկայի զարգացվածությունն ընձեռի այդ հնարավորությունը։
Հայաստանում ներդրումային միջավայրն առաջին հերթին զարգանալու է տեղի գործարարների, բիզնեսի և պետության միասնական ջանքերի շնորհիվ։ Օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը հենց տեղական ներդրողն է, ներդրումային ծրագրի հաջողության պատմությունը, որը նաև այն չափելի արդյունքն է, երաշխիքը՝ իր կողմից տվյալ երկրում ներդրում կատարելու որոշում ընդունելու համար։ Ուստի առաջին հերթին աշխատելու կարիք կա հենց տեղական ներդրողների հետ, խրախուսել ու խթանել նրանց գործունեությունը, բարենպաստ միջավայր ձևավորելու համար ապահովել բավարար նախադրյալներ, ստեղծել նոր հնարավորություններ, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ:
Ի՞նչ է ենթադրում ներդրումային բարենպաստ միջավայրը, ի՞նչ գործիքներ ու մեխանիզմներ են անհրաժեշտ։
Առաջին հերթին օրենսդրական հստակ կարգավորումներ, որոնք կերաշխավորեն ներդրումների անվտանգությունը։ Թափանցիկություն, որպեսզի ներդրողն իրեն հասանելի՝ առնվազն անգլերեն լեզվով (ինչքան շատ լեզուներով, այնքան՝ ավելի լավ) կարողանա ստանալ հաշվետվություններ ու վերլուծություններ և վստահ լինի, որ դրանցում ներառված տեղեկատվությունը խեղաթյուրված չէ։ Գոյություն ունեն Big Four (Մեծ քառյակ) աուդիտորական ընկերություններ, մինչդեռ այսօր Հայաստանում առավել ակտիվ է դրանցից ընդամենը մեկը։ Գուցե կարող ենք ասել, որ դա պահանջարկի բացակայությամբ է պայմանավորված։
Եվ երրորդ ամենակարևոր հանգամանքը՝ վեճերի լուծման առավել ժամանակակից, միջազգային ստանդարտներով, արդյունավետ ու հասկանալի մեխանիզմ։ Ցավոք, մենք հաճախ ենք ականատես լինում, երբ կազմակերպության ու ձեռներեցության շահերը ստորադասվում են անհատների շահերին։
Բայցև ուրախ եմ արձանագրել, որ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ այսօր ակտիվ և գործուն քայլեր կատարվում են, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այդ գործիքակազմը միտված է խթանելու կազմակերպությունների՝ ԲԲԸ դառնալը, արագացնել և հեշտացնել շուկա մուտք գործելու ճանապարհը, որոշ դեպքերում սուբսիդավորման եղանակով։
Շուկայի այս գործիքակազմի արդիականացման հնարավորություններն ավելի շատ կազմակերպությունների հասանելի դարձնելու ուղղությամբ մենք սերտորեն համագործակցում ենք նախարարության հետ, որպես շուկայի ակտիվ մասնակից պարբերաբար քննարկումներ ենք ունենում։ Հուսով եմ, որ այս ամենը խթան կհանդիսանա, որ առաջիկայում ընկերությունները ձգտեն իրենց ֆինանսները ներգրավել հենց շուկայից, ոչ թե բանկային համակարգից։ Այստեղ մեծ կարևորություն եմ տալիս օրենսդրական այն կարգավորմանը, ըստ որի ցուցակված կազմակերպություններն ազատվում են դիվիդենտի հարկից և ֆիզիկական անձանց վճարվող եկամտային հարկից։
Ուժեղ պետություն ունենալու գլխավոր նախապայմաններից մեկն ուժեղ տնտեսություն ունենալն է, իսկ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մենք է՛լ ավելի շատ պետք է մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղենք տնտեսական աճին ու զարգացմանը։
Վստահ եմ, որ Հայաստանը կարող է դառնալ ներդրումային բարձր գրավչություն ունեցող, ներդրումների համար լայն հնարավորություններ ընձեռող երկիր։