Քաղաքականություն

«Դեմոկրատական այլընտրանք»-ը Գյումրիում քարոզարշավի շրջանակում ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը

2 րոպեի ընթերցում

«Դեմոկրատական այլընտրանք»-ը Գյումրիում քարոզարշավի շրջանակում ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը

Գյումրիում շարունակվում է ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի քարոզարշավը, որի շրջանակում «Դեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը։

«Մեր նպատակն է, որ Գյումրին վերջապես դուրս գա գոյատևման վիճակից և վերածվի զարգացող համայնքի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քարոզարշավի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: Կուսակցությունը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է «Ճիշտ քաղաք» կարգախոսով:

Ասուլիսի ժամանակ բանախոսները՝ ավագանու ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուներ Արտյոմ Ղարաղազարյանը, Գագիկ Ադամյանը և Սեդա Խաչատրյանը, ներկայացրեցին Գյումրու զարգացման իրենց տեսլականն ու ծրագրային դրույթները՝ շեշտադրումներ անելով կարևորագույն ոլորտների վրա: «Մենք համարում ենք, որ ճիշտ քաղաք կառուցելու համար պետք է շտկվեն այն բոլոր թերությունները, բացառվեն այն բոլոր սխալները, որոնք տարիներ շարունակ առկա են եղել»,- նշեց կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը: Գագիկ Ադամյանը ներկայացրեց կանաչ քաղաքի իր տեսլականը, իսկ Սեդա Խաչատրյանը խոսեց տուրիզմից ու երիտասարդներին հուզող խնդիրներից:

Բանախոսները վստահեցրեցին, որ քարոզարշավի ընթացքում չեն տրվելու որևէ սադրանքի, բացառելու են հրապարակային միմյանց մրոտելու արատավոր գործելաոճը, վարելու են հավասարակշռված քարոզարշավ, փորձելու են 14 օրերի ընթացքում հանդիպումներ պլանավորել քաղաքի բոլոր հատվածներում:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 23 հոգանոց ցուցակով:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում