Գյումրու «Մտորումների թատրոն»-ն իր հնգամյակն արժևորեց առաջնախաղով
2 րոպեի ընթերցում

Գյումրու «Մտորումների թատրոն»-ն իր հնգամյակն արժևորեց առաջնախաղով՝ ներկայացնելով «Քուչակ» դրամատիկական պոեմը, որի հիմքում հայ միջնադարյան քնարերգու Նահապետ Քուչակի հայերեններն են։ Բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի: Բեմադրությունը մի յուրահատուկ միտք է հաղորդում հանդիսատեսին՝ քնարերգության և դրամատուրգիայի խաչմերուկում սիրո մասին խոսելով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն, առաջնախաղից առաջ ողջունելով հանդիսատեսին, նշեց, որ թատրոնը փոքր քայլերով առաջ է գնում, ինչի վառ վկայությունը պարբերաբար թարմացվող խաղացանկն է: «Քուչակի սիրո հայերեններն ենք վերցրել ու փորձել դրամատուրգիայի վերածել: Սա լավագույն ստեղծագործությունն է, որ կարող ենք նաև նվիրել կանաց ու մայրերին՝ միամսյակի շրջանակներում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Բեմադրության երիտասարդ ռեժիսոր Սերգեյ Եղիկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ, թե հայրենների ընտրությունը բավական բարդ է եղել: «Աշխարհից սերը պակասել է, իսկ սիրո մասին ավելի լավ, քան Քուչակի հայերեններն են՝ չկա: Ընդհանրապես, իմ համար միջնադարն առեղծվածային է, այն տարածքը, որտեղ մեր թատրոնն է, նույնպես առեղծվածային է, և որոշեցի՝ հենց այս թատրոնում պետք է Քուչակի միջոցով սիրո մասին ու Քուչակի սիրո մասին խոսենք»,- նշում է Սերգեյ Եղիկյանը:
Արմենուհի Մխոյան