Հասարակական

Նվազել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները. Փաշինյանը ներկայացնում է կրթության ոլորտում գրանցված արդյունքները

2 րոպեի ընթերցում

Նվազել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները. Փաշինյանը ներկայացնում է կրթության ոլորտում գրանցված արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակների և ինժեներական լաբորատորիաների թիվն ավելանում է: Կառավարությունն այդ ուղղությամբ հատկացրել է համապատասխան միջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ իրականացված բարեփոխությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի համար՝ 352 միլիոն ՀՀ դրամ: Արդյունքում, 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6 հազար 500 սովորող: 2017թ-ի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2 հազար 500-ով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներկայացրեց նախնական մասնագիտական ուսումնական ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա նշեց, որ ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում կրթական հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։

Փոփոխություններ են արձանագրվել նաև ուսանողական վարկերի տրամադրման ուղղությամբ: Մասնավորապես, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար 6 և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, նախկին՝ 9 և 10 տոկոսի փոխարեն: Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ, նախկին 450 հազար փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում