Տնտեսություն

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այն 17-րդն է միության կազմավորումից հետո:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Եվրասիական տնտեսական միությունըտարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել էՄաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

2014թ. մայիսի 29-ինԵվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրըստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ինև ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում