Տնտեսություն

Նախարար Արշակյանն ու դեսպան Յամադան քննարկել են Հայաստանում ճապոնական ընկերությունների գործունեության ծավալման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Նախարար Արշակյանն ու դեսպան Յամադան քննարկել են Հայաստանում ճապոնական ընկերությունների գործունեության ծավալման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև գործակցային հարաբերություններին, նշել, որ անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որում առանձնակի կարևորություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված քայլերին։

Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերը։ Հակոբ Արշակյանը Ջուն Յամադային նաև տեղեկացրել է նոր նախարարության կազմավորման մասին և հույս հայտնել, որ Ճապոնիայի հետ, որն աշխարհում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, նոր մակարդակի գործակցություն կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում փոխանակման ծրագրեր իրականացնելու, ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է ճապոնական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ և բովանդակալից հանդիպման համար՝ Ջուն Յամադան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն բան կանի նոր, առավել ընդգրկուն հարաբերություններ ծավալելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում