Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթում, որը կանցկացվի մինչև հունիսի 14-ը, դաշնակահարները ներկայացնելու են Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերը:

«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, և այս տարի անցկացվելու է դաշնակահարների համար. դա շատ խորհրդանշական է, որովհետև 2003 թվականին անդրանիկ մրցույթին նույնպես դաշնակահարներն էին մրցում:

Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից: Մեզ բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ են դիմել: Առավելագույնը 24 երաժիշտ պետք է անցներ, բայց ընտրությունն այնքան մեծ էր, որ ուժերը մեր հարթակում չափելու հնարավորություն ընձեռեցինք երեսունին: Ըստ իս` բավականին թեժ մրցակցություն է սպասում»,-մեզ հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

Նրա խոսքով` տարիների ընթացքում մրցույթն ընդլայնում է իր աշխարհագրությունը: «Ընդգրկվել են երաժիշտներ Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից, Հայաստանից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են տարբեր կատարողական դպրոցներ: Յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք մասնակիցների հենց խաչատրյանական գործերի կատարումներին, քանի որ մրցույթի գլխավոր նպատակը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն է»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց` ցանկանում են, որ Արամ Խաչատրյանի կոնցերտները համալրեն երիտասարդ և շնորհալի կատարողների երկացանկն ու հարատև կյանք ունենան համաշխարհային երաժշտական ասպարեզում:

Նրա հավաստիացմամբ` միջազգային հարթակում կան երաժիշտներ, որոնց նվագացանկում մշտապես առկա են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրանցից են Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն իր համաշխարհային հաղթարշավը սկսել է հենց 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթանակից, և ուրիշներ:

«Ուրախալի է, որ Ֆյոդոր Ռուդինն այժմ հանրահայտ նվագախմբերից մեկի` Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է: Դա մեծ հաջողություն է նրա համար: Խաչատրյանի մրցույթի բոլոր դափնեկիրները հետագայում մասնակցում են այլ միջազգային մրցույթների, մրցանակների արժանանում, բարձունքներ նվաճում: Դա ևս ապացուցում է, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրին ճիշտ որոշումներ է կայացնում»,-շեշտեց Տեր-Հովակիմյանը:

ժյուրիի նախագահն այս տարի դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն է։ Նա ելույթներ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Բելառուսից, Շվեդիայից:

«Մրցույթի անցկացման ձևաչափը երբեք չի փոխվում: Այն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, որի անունը ես դեռ չեմ ասի: Թող անակնկալ լինի: Բացման համերգին ելույթ է ունենալու նաև Խաչատրյան դաշնամուրային տրիոն, որը կկատարի հատուկ մրցույթի համար Գեորգ Պելեսիցի ստեղծագործությունը Դաշնամուրային տրիոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-10-ին Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ: Հունիսի 14-ին կիմանանք հաղթողների անունները»,-ասաց նա:

Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Աննա Տեր-Հովակիմյանն անդրադարձավ հայ երաժիշտների մասնակցությանն ու շեշտեց, որ ունենք դաշնամուրային բարձր կատարողական դպրոց, և ինքը համոզված է, որ հայ երիտասարդները պատվով կներկայացնեն մեր երկիրը մրցույթում:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում