Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ»

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչական ընկերությունը:

«Գիտական շրջանակներում հիմնականում շրջանառվում է այն դրույթը, որ Թալեաթ փաշայի հեռագրերը չհաստատված փաստաթղթեր են, և շատերը չէին նախաձեռնում նորից սուզվել պատմության գիրկն ու հեռագրերի միջոցով գտնել ճշմարտությունը: Թաներ Աքչամը ձեռնամուխ եղավ այդ գործին»,-նշեց գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը:

Նա հավելեց` երբ կարդում էր գիրքն ու թարգմանում այն, հիանում էր հեղինակի մասնագիտական որակներով: «Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թե այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդավորման ինչ ձևեր կային, նա ճշտել է, թե հեռագրերում նշված մարդիկ գոյություն ունեցե՞լ են արդյոք, թե ոչ»,-ներկայացրեց թարգմանիչը:

Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասաց, որ գրքում շեշտվում է այն, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել իրականացման առաջին իսկ վայրկյաններից:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ աշխատել են պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը: «Փորձել ենք չմիջամտել որպես հայեր: Թարգմանելիս կարող ես բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կբխի քո ցանկություններից: Չենք տրվել այդ գայթակղությանն ու գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին և այլք: Աքչամն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, և եթե որևէ մեկը որոշի հերքել գրվածքը, ստիպված լինի թեզ առ թեզ բոլոր կետերն ու փաստարկները հերքել և առաջ քաշել հակաթեզեր»,-ընդգծեց Նալբանդյանը:

«Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավոր արխիվը: Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք: Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչև հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար: Վճռական պահն այդ կոդավորման տրամաբանությունը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակ ու շատ աշխատանք պետք եղավ»,- տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի հեղինակ Թաներ Աքչամը:

Նրա խոսքով` իրականում ինքը ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Գերգերյանի արխիվի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում: «Խոսքը Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչվող փաստաթղթերի մասին է, բայց որոշեցի բոլորովին այլ քայլ անել: Բոլոր այն նյութերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին: Դրանք կարող եք գտնել օնլայն: Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբավորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներեն նյութերը թարգմանել ենք անգլերեն և թուրքերեն»,-շեշտեց նա:

Աքչամն ասաց, որ աշխատում է Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրա: «Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներից մեկն էր: Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը: Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»,-եզրափակեց նա:

Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական գլխավոր փաստարկն այն է, որ տեղահանության հրամանից բացի այլ հրաման չի եղել, հետևաբար հայերը մահացել են, բայց ոչ սպանվել: Այնինչ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթն անձամբ է ղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը: Այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտոնյաներին նաև Հալեպում աշխատող Նայիմ բեյին: Նայիմ բեյի հետ Հալեպում ծանոթանում է Դեր Զորի անապատով անցած և հրաշքով փրկված Արամ Անտոնյանը: Նա թուրք պաշտոնյային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթերը` Թալեաթի հեռագրերը, որոնցում Թալեաթը հրամայում էր սպանել հայերին: Արամ Անտոնյանը 70-ից ավելի փաստաթղթերը Հալեպից տեղափոխում է Փարիզ և 1921-ին գիրք հրատարակում: Անտոնյանը բոլոր փաստաթղթերը հանձնում է Փարիզի Պողոս Նուբար գրադարանին: Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականությամբ հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականների պատճենել էր դրանք ու իր հետ տարել ԱՄՆ: Այդ եզակի արխիվը ոչ ոք չէր ուսումնասիրել: Պատմաբան Թաներ Աքչամը 2015 թվականին կապվում է Գերգերյանի ժառանգների հետ և հասնում այդ արխիվին:

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը