Եվրախորհրդարանի ընտրություններ. պոպուլիստական ուժերը միավորվում են

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. մայիսի 23-26-ը տեղի են ունենալու Եվրոպական խորհրդարանի ընտրությունները[1], որը ԵՄ համար տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությունն է և կարող է որոշիչ լինել ԵՄ հետագա քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից։ Չնայած ընտրություններին գրեթե մեկ ամիս է մնացել՝ կան որոշ անորոշություններ, որոնք թույլ չեն տալիս հստակ կանխատեսումներ անել ընտրությունների արդյունքների և եվրոպական քաղաքականության վրա դրանց ազդեցության մասով։

Նման անորոշությունն, առաջին հերթին, կապված է Բրեքսիթի գործընթացի հետ, որի ավարտից հետո նախատեսվում էր, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թիվը կրճատվելու է՝ 751-ից հասնելով 705-ի։ Սակայն երկարատև քննարկումների արդյունքում Լոնդոնը և Բրյուսելըորոշում են կայացրելԵվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը հետաձգել մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը: Այս որոշումից հետո, Մեծ Բրիտանիան «ստիպված է» մասնակցել ԵՄ ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը չի ողջունում այդ գաղափարն, իսկ Մեյը հույս ունի, որ գործընթացը կկարողանա ավարտին հասցնել մինչև մայիսի 23-ը (Մեծ Բրիտանիայի ազգային ընտրությունը հենց այս օրն է անցկացվելու)։ Հաշվի առնելով Բրեքսիթի գործընթացում անընդհատ երկարաձգումների պրակտիկան և վերջնական համաձայնության հասնելու դժվարությունը՝ քիչ հավանական է, որ Մեծ Բրիտանիային մինչև մայիսի 23-ը կհաջողվի լքել ԵՄ-ն, ուստի, ըստ ամենայնի, Եվրոպական խորհրդարանում ներկայացված կլինեն նաև բրիտանացի պատգամավորներ, սակայն հարցը, թե որքան ժամանակ նրանք կօգտվեն իրենց լիազորություններից և ԵՄ քաղաքականության իրականացման ժամանակ ինչպես կդիրքավորվեն, դեռևս խնդրահարույց է։

Եվրոպական Խորհրդարանի ընտրությունների հետ կապված անորոշության պատճառներից է նաև վերջին շրջանում Եվրոպայում պոպուլիստների նկատմամբ աճող աջակցությունը, ինչը կարող է արտահայտվել նաև ԵԽ ընտրությունների ժամանակ և հանգեցնել որոշ վերադասավորումների:

Ստորև ներկայացնում ենք ԵՄ անդամ երկրներում իրականացված հարցումների վրա հիմնված աղյուսակ, որում պատկերված է համաեվրոպական քաղաքական կուսակցության համար կանխատեսված հնարավոր մանդատների քանակը։

Հիմնվելով սոցիալական հարցման տվյալների վրա՝ կարող ենք նշել, որ Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբավորումներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան պահպանել իրենց մանդատները։ Սակայն նախընտրական շրջանում նկատելի են նաև շատ հետաքրքիր միտումներ, որոնք վկայում են պոպուլիստների հավանական հաջողությունների մասին։ Ներկայումս եվրոպական խորհրդարանում աջ ուղղվածության պոպուլիստները ներկայացված են 3 հիմնական խմբակցություններում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք, Ազատության և Ժողովուրդների Եվրոպա, Ազատության և Ուղղակի ժողովրդավարության Եվրոպա։ Ըստ կանխատեսումների՝ պոպուլիստների թիվը հաջորդ գումարման խորհրդարանում աճելու է։ Նրանց նկատմամբ աջակցությունը վերջին 20 տարիների ընթացքում Եվրոպայում եռապատկվել է, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է իշխանության գալ եվրոպական 11 երկրներում և կարևոր գործոն դառնալ ԵՄ քաղաքական համակարգում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ եթե 1998թ. պոպուլիստները համարվում էին մարգինալ ուժ և կարողանում էին միայն 7% ձայներ ստանալ, ապա այժմ եվրոպացիների գրեթե 25-28%-ը պատրաստ է քվեարկել նրանց օգտին։ Եվրոպայում պոպուլիստների ազդեցության աճը բացատրվում է մի քանի հանգամանքով. նախ՝ Եվրոպայում ճգնաժամային իրավիճակները, խոսքը, հատկապես վերաբերում է միգրացիոն ճգնաժամին, հանգեցրել են քաղաքացիների կողմից էլիտաների նկատմամբ հիասթափությանը և նպաստել են պոպուլիստների նկատմամբ վստահության աճին։ Երկրորդ՝ պոպուլիստներին հաջողվել է լսարանին համոզել, որ իրենք գործող քաղաքական համակարգի և ավանդական էլիտայի մաս չեն, որն այլևս ի վիճակի չէ լուծել եվրոպական երկրների առջև ծառացած խնդիրները։

Եվրոսկեպտիկ պոպուլիստների կողմից Եվրոպական խորհրդարանի ընտրություններում նշանակալի հաջողություն գրանցելու տեսլականը որոշակի անհանգստությունների առիթ կարող է դառնալ։ Հաջող արդյունքներ գրանցելու պարագայում նրանք կարող են էական ազդեցություն ունենալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա հետագա գործունեության վրա (օրինակ, ԵՄ ցանկացած երկրում հետաքննություն անցկացնելու որոշում կայացնելու վրա, ինչպես եղավ 2018թ. Հունգարիայում)։ Բացի այդ, հակաեվրոպական այս ուժերը կարող են խոչընդոտել կամ դանդաղեցնել կարևոր օրենսդրական գործընթացները, ԵՄ բյուջեի հաստատումը կամ երկարաժամկետ ծախսերի պլանավորումը։

Չնայած պոպուլիստների հավանական հաջողությանը, շատերը կարծում են, որ եվրոսկեպտիկների՝ միասնական չլինելու հանգամանքը կարող է թուլացնել նրանց դիրքերը։ Այս կանխատեսումը հիմնված է այն փաստի վրա, որ եվրոսկեպտիկները հազվադեպ են քվեարկում միասին, մինչդեռ Եվրոպական խորհրդարանի հիմնական ուժերն առավել միասնական են մասնակցում քվեարկություններին։ Այս հիմնավորումն էլ, սակայն, միանշանակ չէ, եթե հաշվի առնենք այն, որ մի քանի եվրոպական երկրների աջ պոպուլիստներ (գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար», իտալական «Լիգա», դանիական «Ժողովրդական կուսակցություն», ֆիննական «Իսկական ֆիններ կուսակցություն» և մի շարք այլ քաղաքական խմբավորումներ ու կուսակցություններ) հայտարարել են նոր գումարման Եվրոպական խորհրդարանում «Ժողովուրդների և ազգերի եվրոպական դաշինք» անվանումը կրող համատեղ խմբակցությունը ստեղծելու պատրաստակամության մասին, որն, ինչպես նրանք են կանխատեսում, կարող է դառնալ եվրոպական խորհրդարանի երրորդ կամ անգամ երկրորդ ամենախոշոր խմբակցությունը։

Այսպիսով, եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում ԵՄ-ում քաղաքական ուժերի դասավորվածությունը կարող է էական փոփոխություններ կրել։ Եթե եվրոսկեպտիկ պոպուլիստական ուժերին հաջողվի միասնական հանդես գալ խորհրդարանում, ապա նրանք կարող են լուրջ գործոն հանդիսանալ ԵՄ հետագա քաղաքականության արդյունավետ իրականացման կամ խաթարման համար։ Ինչ վերաբերում է քաղաքական վերադասավորումներին, ապա Բրեքսիթի գործընթացի հետագա երկարաձգումը կամ հանգուցալուծումն, իր հերթին, էական ազդեցություն է ունենալու ուժերի բաշխվածության համար։

[1] Եվրոպական խորհրդարանը ԵՄ միակ ուղղակի ընտրվող մարմին է, որի ընտրությունը նաև որոշելու է ԵՄ գործադիր թևի ղեկավարությանը՝ Եվրոպական Հանձնաժողովի նախագահին և անդամներին, որոնք պետք է նախևառաջ հավանության արժանանան խորհրդարանի կողմից և հետո նշանակվեն Խորհրդի կողմից։ Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ժամանակ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ընտրում է սահմանված թվով պատգամավորներ։ Մանդատների բաշխումն ամրագրված է եվրոպական համաձայնագրերով և հիմնվում է համամասնության սկզբունքի վրա՝ կախված լինելով տվյալ երկրի բնակչության թվից։ Ընտրություններին մասնակցում են ազգային քաղաքական կուսակցությունները, սակայն խորհրդարան անցնելուց հետո նրանց մեծ մասը միանում է վերազգային քաղաքական կուսակցություններին՝ համաեվրոպական կուսակցություններին։

Իզաբել Շատոյան

Հայերեն

Տոսկանակում ընդունել են էվթանազիայի մասին օրենք

Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ կարգելեն ուղղաթիռների թռիչքներն ավիավթարից հետո. The Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի

Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին