Հասարակական

Հակոբ Արշակյանը ներկայացրեց ավտոմեքենաների տեխնիկական զննության արդյունավետության բարձրացմանը միտված նոր համակարգը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ներկայացրեց ավտոմեքենաների տեխնիկական զննության արդյունավետության բարձրացմանը միտված նոր համակարգը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց ավտոմեքենաների տեխնիկական զննության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը սլայդի վրա ցույց տվեց այն համակարգը, որը ներդրված է: Համակարգին կպած են լիցենզիա ունեցող այն ընկերությունները, որոնք տեխզննություն են իրականացնում: «Այս համակարգը իր մեջ ներառում է այս պահին ամբողջ հանրապետությունով մեկ տեղի ունեցած տեխզննության արդյունքները՝ շուրջ 73 հազար ավտոմեքենայի մասով: Այս տվյալների բազայում երևում է ավտոմեքենայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, թե որ թվականին է այն արտադրվել, որքան է շահագործվել և այլն: Այստեղ նաև նշված են թեստավորման այն տեսակները, որոնք մեքենան անցել է »,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարը պարզաբանեց, որ համակարգի ամբողջ նպատակն է ունենալ ավտոմեքենաների տվյալների բազա, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վիճակում են գտնվում ավտոմեքենաները, կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ: «Սա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննության կտրոններից, հնարավորություն կտա տիրապետել Հայաստանում տրանսպորտային ամբողջ պարկի վիճակին, հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Համակարգը պատրաստ է, դրան միացած են տեխզննության բոլոր կենտրոնները, ոլորտն ազատական է: Ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, լիցենզիա ստանալ, ինչը թույլ կտա տեխզննությամբ զբաղվել ու միանալ համակարգին»,- մանրամասնեց Արշակյանը՝ հավելելով, որ այս պահին պակասում է օրենսդրական բազան, որպեսզի կարողանան ոլորտն ամբողջովին կարգավորել:

Նրա խոսքով՝ հիմա օրենսդրական դաշտի կարգավորման փուլում են: Նախարարի կարծիքով այս տարվա մեջ կկարողանան այդ խնդիրը լուծել ու առաջ շարժվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում